Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության շրջանակում իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել բոլոր ուղղություններով: ԼՂՀ նախագահը նաև ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն, իրոք, ուրույն և կարևոր դերակատարում ունի Արցախի կյանքում, ինչն առանձնակի է կարևորվում և գնահատվում արցախահայության կողմից:
«Պարոն քաղաքապետ, հարգանքի է արժանի այն վերաբերմունքը, որ Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես ցուցաբերվում է Արցախին: Ու համոզված եղեք, որ արցախցիները դա բարձր են գնահատում ու միշտ սպասում են Ձեր այցերին, ինչը, վստահաբար, անցած չորս տարիների ընթացքում Երևանի և Ստեփանակերտի, ինչպես նաև Արցախի այլ շրջանների հետ հաջողված համագործակցության լավագույն ապացույցն է: Վստահ եմ, որ առաջիկա տարիներին էլ ավելի են ընդլայնվելու համագործակցության շրջանակներն ու իրականացվող ծրագրերը, որոնք կնպաստեն Արցախի զարգացմանը»,- նշել է ԼՂՀ նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական: Քաղաքապետը նաև ընդգծել է, որ փոխգործակցությունը հաջողված ու արդյունավետ է նաև Երևանի վարչական շրջանների և Լեռնային Ղարաբաղի շրջանների միջև:
«Մեր կողմից առանձնակի է կարևորվում Արցախի հետ հարաբերությունների խթանումն ու ընդլայնումը, ինչն, իսկապես, բավականին արդյունավետ զարգացումներ է գրանցում: Եվ վստահեցնում եմ Ձեզ, պարոն նախագահ, որ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Ավելին, մեր առանձնակի ուշադրության կենտրոնում են լինելու համեմատաբար խոշոր ծրագրերը, որոնք հնարավորություն կտան Արցախի տարբեր անկյուններում կյանքի կոչել բնակիչների համար առավել շոշափելի և մասշտաբային նախաձեռնություններ»,- ընդգծել է քաղաքապետը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն