ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Երևանի և Ստեփանակերտի արդյունավետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում Երևանի քաղաքապետի կողմից ցուցաբերվող մշտական պատրաստակամության և ջանքերի համար՝ նկատելով, որ գործընկեր Երևանի աջակցությունն այսօր տեսանելի է Ստեփանակերտի յուրաքանչյուր բնակչի համար:
«Պարոն քաղաքապետ, այսօր իսկապես հաճելի է արձանագրել, որ մեր փոխգործակցությունը բոլոր ուղղություններով զարգանում է արդյունավետ, արդյունքներն էլ իսկապես շոշափելի են: Եվ այդ ամենում, անշուշտ, շատ մեծ է Ձեր անձնական ներդրումը, ինչի համար մեկ անգամ ևս ուզում եմ իմ և բոլոր ստեփանակերտցիների անունից, ի դեմս Ձեզ, շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի ողջ աշխատակազմին՝ երկու մայրաքաղաքների արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու համար: Ապրիլյան պատերազմի օրերին ևս Երևանի քաղաքապետարանն առաջիններից էր, որ օգնության ձեռք մեկնեց Արցախին և հերթական անգամ ապացուցեց, որ Երևան քաղաքը Ստեփանակերտի կողքին է ու միշտ պատրաստ է ըստ ամենայնի աջակցել»,- ընդգծել է Սուրեն Գրիգորյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին նկատել է, որ հայկական երկու պետությունների մայրաքաղաքների բարեկամական սերտ հարաբերություններն իրենց գործնական արտացոլումն են գտել Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված համագործակցության ծրագրում, որի ընթացքն իսկապես գոհացուցիչ է և, որ կարևոր է, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում այն հետզհետե ավելի շոշափելի արդյունքներ է ապահովում:
«Երկու մայրաքաղաքների պաշտոնական համագործակցության շուրջ չորս տարիների ընթացքում իսկապես շոշափելի զարգացումներ ենք արձանագրել, ինչը, վստահաբար, անչափ կարևոր է: Այդ տեսանկյունից հատկանշական է երկուստեք ձևավորված աշխատանքային խմբերի սերտ գործակցությունը, որի արդյունքում էլ ապահովվում են բոլոր այդ ձեռքբերումները: Ու վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ այդ գործակցությունն այսուհետ էլ կշարունակվի նույն եռանդով՝ ապահովելով իրականացվող ծրագրերի շարունակականությունն ու նպաստելով նոր ծրագրերի նախաձեռնմանը: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես Ձեր կողքին է և պատրաստակամ է աջակցելու Ստեփանակերտի մեր գործընկերներին` իր ուրույն ներդրումն ունենալով Արցախի մայրաքաղաքի զարգացման գործում», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Կարդացեք նաև
Հավելենք նաև, որ հերթական անգամ Երևանի քաղաքապետարանի կողմից Արցախի մայրաքաղաքին են նվիրաբերվել կանաչապատման և սանմաքրման անհրաժեշտ մեքենասարքավորումներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն