Լրահոս
Օրվա լրահոսը

Արիաննե Կաոիլին հիմնադրամ է ստեղծել. «Ճամփորդ» հիմնադրամն ու թերթը կառավարությունից անկախ պետք է լինեն» (Տեսանյութ)

Հուլիս 15,2016 15:43

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլին որոշել է զարգացնել Հայաստանի մեդիա դաշտը, եւ կարելի է ասել՝ արթնացնել քաղաքացիական հասարակությունը:

Արիաննե Կաոիլին հիմնադրել է «ճամփորդ» հիմնադրամը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արիաննե Կաոիլին ասաց՝ հիմնադրամի նպատակներից են՝ առաջին հերթին զարգացնել մամուլի անկախությունը եւ ազատությունը, բարձրացնել հանրային իրազեկվածությունը, որը, ըստ նրա, զարգացնում է քաղաքացիական հասարակությունը եւ հանրային գիտակցությունը:

«Հիմնադրամի նպատակներից են նաեւ Հայաստանի լրագրության չափանիշների կատարելագործումը, կրթել երիտասարդ սերնդի լրագրողներին».-ասաց Կաոիլին:

Նրա խոսքերով՝ «Ինչպես կարող է հասարակությունը կարծիք ունենա հանրային քաղաքականության մասին, այն դեպքում, երբ ունի ոչ ճշգրիտ ինֆորմացիա եւ ոչ ճշգրիտ աղբյուրներ: Եվ վերջապես որտեղ են այն լրագրողները, որոնք կարող են ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնել հանրությանը՝ բարդ ինֆորմացիան պարզագույն ձեւով: «Ճամփորդ» հիմնադրամը կլինի այն սկիզբը, որը կպատասխանի այս հարցերին եւ կներկայացնի որոշակի լուծումներ»:

IMG_7908Մեր սիրելի հարսը, ինչպես որ ասուլիսին ներկայացրեցին Արիաննե Կաոիլին, կիսվեց նաեւ հիմնադրամի ծրագրերով, որոնք դեռ հաստատված չեն, բայց եւս ուղղված են Հայաստանում մեդիա դաշտի զարգացմանը:

Հիմնադրամի ծրագրերից են՝ լրագրողների պարգեւատրումը, որպեսզի կարողանան ուսուցանել լրագրողներին եւ խրախուսել նրանց: Նաեւ մտադրություն կա Հայաստան հրավիրել, ինչպես Կաոիլին ասաց՝ դրսի լավ լրագրողներին՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, որպեսզի նրանք կիսվեն իրենց փորձով:

«Սփյուռքը չգիտի ինչ է տեղի ունենում այստեղ: Մեկ շաբաթ առաջ Մեղրիում էինք, այնտեղ տեղեկատվություն չունեին այստեղից: Մեր նպատակն է միավորել տարածաշրջանները Երեւանի եւ Սփյուռքի հետ, որպեսզի նրանք նույնպես տեղեկացված լինեն՝ թե ինչ է կատարվում այստեղ՝ զարմանալու փոխարեն, թե ինչո՞ւ ներդրումներ չկան»,-ասաց Արիաննե Կաոիլին:

Հիմնադրամը նաեւ լրագրողների համար ամենի մասին դասընթացներ է կազմակերպելու լրագրողական էթիկայի, հանրային քաղաքականության մասին գրելու հմտությունների եւ տեխնիկական միջոցների կիրառման թեմաներով: «Ցանկանում եմ միավորել ձեր պայծառ մարդկային կապիտալը եւ լեզվի ունակությունները»,-ասաց Կաոիլին:

Հիմնադրամի խորհրդի անդամներն են Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, լրագրող Արտյոմ Երկանյանը, թարգմանիչ Արտաշես Էմինը, եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Ասուլիսի մասնակից Արտաշես Էմինն ասաց, որ հիմնադրամի խորհրդի անդամ դառնալուն իրեն համոզել է մի քանի հանգամանք՝ նախ դրսի հայացքը, Արիաննեն գալով Հայաստան, տեսավ բաներ, որոնք մենք արդեն չէինք տեսնում.«Նրա սիրտը ցավում է, որ ասում ենք մեր հարսը, պատահական չէ: Նա սրտացավ է ու իր սուր աչքով հանում է դուրս ու ի ցույց դնում այդ բաները: Հույս կա մի բան տեղից շարժել: 2-րդը՝ կատարյալ ապակուսակցականությունն է հիմնադրամի»:

Արտաշես Էմինը նաեւ կարծիք հայտնեց, որ այսօր քիչ են անաչառ, իմաստալից եւ գիտուն հրապարակումները եւ ինքը աստիճանաբար սկսել է չկարդալ լրատվություն.«Որովհետեւ գիտենք ով է վճարել եւ միտումը որն է: Ուստի այս նախաձեռնության նպատակն է՝ մարդը թերթ կարդալով հասկանա՝ հետեւում բան չկա թաքնված»:

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն էլ ասաց, որ հայաստանյան լրատվամիջոցներում Արցախի մասին շատ նյութեր է կարդում, որոնց վրա իրականությունը չպատկերացնելու դրոշմը կա:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին՝ «Ճամփորդ» թերթը հրապարակվում է պետակա՞ն բյուջեի հաշվին, թե մասնավոր ներդրումներ կան, Արիաննե Կաոիլին ասաց, որ այն ամբողջությամբ իր ֆինանսավորմամբ է:

Մեր մյուս հարցին՝ իսկ «Ճամփորդ» հիմնադրամի ներդրումներն ինչպե՞ս են լինելու, բանախոսներն ասացին՝ այն բաց է բոլորի համար:

Aravot.am-ի մյուս հարցին էլ՝ խոսք գնաց մամուլի անկախության մասին, իսկ եթե «Ճամփորդում» որոշի ներդրում կատարել կուսակցական որեւէ գործարար, արդյոք այդ ներդրումը կընդունվի, Արտաշես Էմինն ասաց՝ «Այդ փողերը կվերցնենք եւ ճիշտ նպատակին կծախսենք: Այնպես, որ այդ գործարարի տեսակետից՝ այդ փողերը կորած կլինեն»: Բանախոսներն ասացին, որ իրենք հաշվետվություն են ներկայացնելու հիմնադրամի ծախսերի մասին:

«Պետք է պարզաբանել՝ «Ճամփորդ» թերթն ու հիմնադրամը պետք է կառավարությունից անկախ լինեն»,-ասաց Արիաննե Կաոիլին:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031