Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ուրիխանյանի խոսքերն ուղղված լինեին Սուսաննա Սարգսյանին, ապա ակնհայտորեն կլիներ խախտում». Խոսրով Հարությունյան

Հուլիս 15,2016 15:21

ԱԺ էթիկայի հանձնաժողովը analitik.am կայքի հիմնադիր եւ խմբագիր Անի Հովհաննիսյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանի բողոքը՝ ընդդեմ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ընդունել էր վարույթ:

Բայց քանի որ քրեական գործ է հարուցված եւ նախաքննություն է ընթանում, հանձնաժողովը միաձայն որոշում է կայացրել կասեցնել այն:

Հիշեցնենք, որ պաշտպանը հանձնաժողովին բողոք էր ներկայացրել՝ Տիգրան Ուրիխանյանի որոշ արտահայտությունների հետ կապված. «…Սրանց թիկունքում կենդանաբանական օրգանիզմներ կան, որոնք այս օրերին հիստերիայի մեջ են ընկած, ոստիկանական տպավորություն թողած կայքերով ու ֆեյսբուքյան էջերով… Գործում է այդ խումբը շատ փնթի, հետքեր ու պոչեր են թողել տարբեր տեղեր՝ կյանքում եւ էլեկտրոնային աշխարհում…»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց, որ թեեւ Տիգրան Ուրիխանյանի այդ ձեւակերպումները կոնկրետ անձի ուղղված չեն, բայց վարույթ են ընդունել. «Մեր կանոնակարգով որեւէ գործ կամ որեւէ միջադեպ, որի նկատմամբ հարուցվել է քրեական գործ եւ այն գտնվում է իրավապահ մարմինների վարույթում, ապա մենք իրավունք չունենք վարել այդ գործը, կասեցնում ենք: Հետեւաբար մենք որոշում ենք կայացրել ընդունել վարույթ, բայց կասեցնել: Երբ դատարանի որոշումը կլինի, մենք կվերադառնանք այս հարցադրմանը: Երբ պարզվեց, որ այս բողոքը դեռեւս հիմք ունի, մենք կսկսենք մեր վարույթը»:

Մեր հարցին՝ այնուամենայնիվ, էթիկայի հանձնաժողովը կարո՞ղ է բողոքը քննել՝ պատգամավորի բառապաշարի կամ այլ առումով, կապ չունի՞՝ դա կոնկրետ անձի՞ է ասվում, թե՞ ընդհանուր՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Եթե դա ուղղված է կոնկրետ Սուսաննա Սարգսյանին, ապա ակնհայտորեն կլիներ պատգամավորական էթիկայի կանոնների խախտում: Բայց դա ուղղված չի Սուսաննա Սարգսյանին: Դա ուղղված է գործընթացի հետեւում կանգնած անձանց, որոնց ոչ ոք չգիտի, որոնք միգուցե կբացահայտվեն այդ նախաքննության արդյունքում: Հետեւաբար, քանի դեռ ընթանում է նախաքննություն, քանի դեռ բացահայտված չի ում է ուղղված այդ որակումները, մենք կասեցնում ենք, չենք կարճում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031