Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր բիզնեսներից մաս հատկացրեք սիրիահայերին». հալեպահայը` պատգամավորներին (Տեսանյութ)

Հուլիս 15,2016 14:39

Հայաստանում հաստատված 12 000 սիրիահայերի 80 տոկոսը գործազուրկ է եւ վարձով է բնակվում` սպառման եզրին գտնվող խնայողությունների հաշվին: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտնեց հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը:

Ըստ նրա` ԱԺ-ն պետք է արտահերթ նիստ գումարի սիրիահայերի համար. «Կցանկանայի, որ մեր պատգամավորները քննարկեն ու սիրիահայերի խնդրով մի խելացի բան ասեն գոնե` «կռիվներ» անելու փոխարեն: Փառք Աստծո, բոլորն էլ բիզնեսներ ունեն, թող այդ բիզնեսներից մի փոքր հատված հատկացնեն սիրիահայերին, մարդիկ աշխատեն: Ոչ մի անգամ սիրիահայն օգնության կարիք չի ունեցել, տարիներ շարունակ օգնել է հայաստանաբնակներին, բայց այսօր ինքն օգնության կարիք ունի: Այս հինգ տարում ՀՀ ԱԳՆ-ն մի անգամ այցելեց Սիրիա, բայց թե ինչ խոսեց ու արեց` ոչ մեկ չգիտի»:

Մեսրոպյանը նկատեց` սիրիահայերը գոհ են եւ երախտապարտ, որ ապրում են խաղաղ երկրում, բայց աշխատանք չունենալու պատճառով արտագաղթում են Հայաստանից. «Ինչո՞ւ պետք է սիրիահայ բարերարը հինգ բնակարան գնի-նվիրի սիրիահայերին: Որոշները սեփական գործն են փորձում զարգացնել. աշխատավարձը քիչ է, բայց մարդիկ աշխատում են, ուզում են աշխատել: Հասկանում ենք` ՀՀ քաղաքացիներն էլ են քիչ աշխատավարձով աշխատում: Եթե սիրիահայ ես, չի նշանակում, թե հարյուրավոր դոլարների աշխատավարձ պետք է ստանաս, բայց մեծ մասը գործազուրկ են: Ըմբռնումով են մոտենում խնդիրներին, բայց հիմա իրենք օգնության կարիք ունեն»:

Մեսրոպյանը դժգոհեց, որ եզակի պատգամավորներ են հետաքրքրվել սիրիահայերի խնդիրներով, սակայն անուններ չհրապարակեց: Նաեւ նշեց, որ պետական կառույցների միայն Սփյուռքի նախարարությունն է որոշակի խնդիրներում օժանդակում սիրիահայերին:

Անդրադառնալով Թուրքիայի հայտարարություններին, թե ցանկանում է կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ, Վազգեն Մեսրոպյանն ասաց. «Սիրիահայերը վստահ են, որ Թուրքիային չի կարելի վստահել: Եթե այդպես է, Թուրքիան իր սահմանը կփակեր, ոչ թե կթույլատրեր չեչեն, ուզբեկ, ադրբեջանցի եւ թուրք ահաբեկիչների ու զինամթերքի մուտքը Սիրիա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031