Անցած շաբաթը հալեպահայերի համար ամենասարսափելին է եղել. 24 ժամ Հալեպի բոլոր շրջանները ռմբակոծվել են: Այս մասին այսօր «Հայացք» մամուլի ակումբում հայտնեց հալեպահայ, ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը: Ըստ նրա` ՌԴ-Թուրքիա հաշտության կայացումից հետո ահաբեկչական խմբավորումները միտումնավոր ռմբակոծում են քաղաքի քրիստոնեաբնակ թաղամասերը:
«Ավերակներ, վիրավորներ, զոհեր, գրեթե ամեն օր նահատակներ ենք ունենում: Ցավալի է, որ ծաղկուն եւ հայապահպան ամենաակտիվ գաղութն այսօր գրեթե չկա»,-իրավիճակը Հալեպում այսպես նկարագրեց նա: Մեսրոպյանի տվյալներով` եթե սիրիական հակամարտության հետեւանքով հալեպահայերի թիվը նվազել էր մինչեւ 10-13 հազար, ապա այսօր քաղաքում 4-5 հազար հայ է մնացել: Ամեն օր արտագաղթ կա, ընդ որում` Բեյրութ հասնելը չափազանց վտանգավոր է:
«Ճանապարհին հարձակումներ են լինում, ահաբեկիչները սպանում ու թալանում են: Բեյրութից Հայաստան հասնելը չորս հոգանոց ընտանիքի համար 2500 դոլար է արժենում: Առավոտ տանից դուրս են գալիս` չիմանալով` մեկ ժամ հետո կմահանա՞ն, թե ոչ, ռումբ կընկնի՞ իրենց տան վրա, թե ոչ: Ոչ հոսանք կա, ոչ ջուր, գումար չունեն, աշխատանք չունեն, չգիտեն` ինչ անեն: Ամեն օր գաղթում են Հալեպից, գալիս Սիրիայի համեմատաբար ապահով քաղաքներ, կամ Հայաստան, բայց դա խնդրի լուծում չէ»,-նկատեց Վազգեն Մեսրոպյանը:
Նա անդրադարձավ նաեւ հալեպահայության մշակութային ժառանգության ճակատագրին. «40 մանկանց եկեղեցում էր պահվում մեր արխիվը: Եկեղեցին էլ պայթեցվեց, բայց շտապօգնության եւ առաջնորդարանի աշխատակիցների շնորհիվ արխիվների մի մասն ապահով վայրում է: Սուրբ Գեւորգն ավերակ է, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ էլ վարժարանի շենքն է ռմբակոծվել: Միակ գործող եկեղեցին է դա, բարեբախտաբար միայն ապակիներն են փշրվել: Մարդիկ անգամ գերեզմանատուն չեն կարողանում գնալ եւ հուղարկավորություն անել: Ծերանոցը եւս ռմբակոծված է, տարեցներին տեղափոխել են առավել ապահով վայր` հիվանդանոց: Բայց հիվանդանոցն էլ ռմբակոծվեց, մեկ տարեց մահացավ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Չի բացառուե, որ հայերուն հայրենիքէն (Սուրիան հայերու հայրենիքն է) հեռացնելը ռուս-թրքական համաձայնութեան առարկա մըն է եղած: