Լրահոս
Օրվա լրահոսը

Չարաշահումների կանխարգելում թե՞ բյուջեի ծախսերի տնտեսում

Հուլիս 15,2016 13:44

Ծախսերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում հաստիքների կրճատման գործընթաց սկսելու վարչապետի հայտարարությունից դեռևս ուշքի չեկած, կառավարությունը պետական ծառայողներին նոր անակնկալ է մատուցում` սոցիալական փաթեթի «հանգստի բաղադրիչը» 2017-2019 թթ կասեցնելու տեսքով, ինչը մարդկանց մոտ ապագայի նկատմամբ խուճապային տրամադրություն է ստեղծել:

Նշված կասեցումը ըստ էության ողջ սոցիալական փաթեթի կասեցում է, ինչը բացի «հանգստի բաղադրիչից» իր մեջ ներառում է նաև հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների ձեռքբերում։

Պետական ծառայողներին զրկել սոցիալական փաթեթով տրվող գումարներից, նշանակում է նրանց զրկել ոչ այնքան հանգստի, որքան ընտանիքի սովորող անդամի ուսման վարձի և հիպոթեքային վարկի մարման չնչին հնարավորությունից:

Նշված գործընթացը պատճառաբանվում է այդ ոլորտում կատարված չարաշահումներով, ինչն ամենևին համոզիչ չէ: Եթե չարաշահումներ են հայտնաբերվել, ապա դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, և վերջիններիս գործողությունները կախված կամ պայմանավորված չեն «հանգստի բաղադրիչի» կասեցումով: Սոցիալական փաթեթի կարգապահ շահառուների մեղքը չէ, որ այդ գործընթացում չարաշահումներ են կատարվել,և նրանք չպետք է տուժեն այդ օրինազանցություններից:

Տարիներ առաջ խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին կենսաթոշակների վճարման բնագավառում, սակայն դա պատճառ չդարձավ, որպեսզի կասեցվեն կենսաթոշակների վճարումները:

Հանգստի բաղադրիչի կասեցումը, ինչպես նաև հաստիքների կրճատումները, ըստ էության, միտված են պետական բյուջեի ծախսերի բեռը թեթևացնելուն: Մինչդեռ բյուջեի ծախսերի կրճատման ուղիները կառավարությունը պետք է փնտրի այլ ոլորտներում:

Միանշանակ է, որ կառավարությունը հետքայլ է կատարում սոցիալական փաթեթի հատկացման իր հռչակած նպատակից, այն է` աշխատողների սոցիալական կարիքների բավարարում, աշխատողների մոտիվացում և աշխատանքի արդյունավետության բարձրացում, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացում, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատում:

Նշված գործընթացները նվազեցնում են աշխատողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածության աստիճանը, մեծացնում անվստահությունը պետության սոցիալական քաղաքականության նկատմամբ, հանդիսանում են ևս մեկ խոչընդոտ երկրում սոցիալական համերաշխության հասնելու ճանապարհին:

Կասկածից վեր է, որ նշված գործընթացների արդյունքում կհամալրվի գործազուրկների բանակը, ինչը կխթանի արտագաղթին, իսկ արտագաղթն իրական վտանգ է մեր ազգային գենոֆոնդին:

 

 Դավիթ Ավագյան

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի

աշխատողների ճյուղային հանրապետական

արհմիության իրավախորհրդատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031