Հայաստանի Հանրապետության 25 տարվա անկախության ձեռքբերումների ու կորուստների գնահատումները ներկայացվեցին հուլիսի 15-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացված «Հայոց նորագույն պետականության քառորդ դարը» խորագրով գիտաժողովում:
«Այս գիտաժողովում քննարկվում են շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի պետականությանը, որն անցել է մի քանի հիմնական փուլ՝ սկսած վաղնջական ժամանակներից: Այս 25 ամյա անկախության տարիներին մենք ունենք ձեռքբերումներ, ունենք նաև դժվարություններ, որոնք պետք է հաղթահարել: Մենք գնահատականների կարիք ունենք, որոնք լայնորեն և տարբեր գիտնականների կողմից ներկայացված են այս գիտաժողովում»,- իր ողջույնի խոսքում մասնավորապես ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Գիտաժողովի պլենար նիստում և երեք նստաշրջաններում գիտական զեկուցումներով ելույթ ունեցան 52 քաղաքագետներ, սոցիոլոգներ, պատմաբաններ, իրավաբաններ, տնտեսագետներ և արվեստագետներ:
Գիտաժողովի կազմակերպիչներն են՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը և Երևանի պետական համալսարանը:
«Հայոց նորագույն պետականության քառորդ դարը. գիտաժողովի զեկուցումների դրույթները» գրքույկը՝ պատասխանատու խմբագիր՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյան, հրատարակվել է ՀՀ ԳԱԱ հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի հովանավորությամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն