Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանն այսօր մեզ հետ զրույցում հարցին՝ ինչ աշխատանքներ են տարվում տուրիստների հոսքը Հայաստան ապահովելու համար եւ ինչո՞ւ են ավիատոմսերից սկսած՝ հյուրանոցային ծառայություններով վերջացրած, գներն այդքան թանկ ՀՀ-ում, որը վանում են զբոսաշրջիկներին՝ պատասխանեց. «Պատճառներն ենք պարզում, թե ինչու են ավիատոմսերի գները բարձր: Երբ որ գները կվերլուծենք ու կհասկանանք՝ արդյոք չվերթնե՞րն են պակասել, թե՞ ուղեւորահոսքն աճել է, չվերթը պակասել է, գինը բարձրացել է, որովհետեւ յուրաքանչյուր ավիափոխադրողի ավելի ձեռնտու է թանկ գներով մեկ չվերթ կատարել, քան երկու չվերթ՝ ցածր գներով: Բայց պետք է հասկանանք, թե ինչու այդ մրցակցային առավելությունը չի օգտագործվում այլ ավիափոխադրողի կողմից՝ այդ նույն ուղղությամբ չվերթ կատարելու»:
Մեր հարցին՝տեղյակ չե՞ք դեռ, որ մեզ մոտ իսկապես ավիատոմսերը շատ թանկ են, մարդիկ Թբիլիսիից են գնում՝ փոխնախարարը պատասխանեց. «Տեղեկացվածությունը բավարար չի, պատճառներն ենք պարզում: Պատճառները եթե հասկանանք, վերլուծենք, արդեն ձեզ կտրամադրենք տեղեկատվություն: Տարբեր տեսակի ինֆորմացիաներ են շրջանառվում, որը պետք է ստուգել: Ասում են, որ բարձրանում է ավելի բարձր դասի տոմսերը, վերջին օրով գինը բարձրանում է: Երբ որ դու թռիչքի տոմս ես գնում վերջին օրով, տուրիստական շրջան է, պարզ է, որ վերջին օրով գինը բարձր է: Դրանով տպավորություն ստեղծել, որ գինը բարձրացավ՝ դա հիմնավոր չի: Եթե չվերթը նախապես ամրագրում է կատարվել եւ բարձր է նախորդ տարվա համեմատ, բնականաբար, այնտեղ խնդիր կա»:
Նա ասաց, որ ունենք տեղական երկու ավիափոխադրող. «Բաց երկնքի քաղաքականության իմաստը նրանում է, որ եւ մեր տեղականը, եւ արտասահմանյան չվերթներ իրականացնող ավիափոխադրողները այն ուղղությունները, որոնք թանկ են, բայց պահանջված են ՀՀ-ում, մրցակցություն ապահովող ուղղություններն են, որտեղ կարելի է մի քանի ավիափոխադրողով իրականացնել, դա բիզնես է, բնականաբար, յուրաքանչյուր ավիափոխադրող հետաքրքրված է շահութաբեր ուղղություններով: Եթե պահանջարկը կա, գինը բարձր է, դա հետաքրքիր կլինի այլ ավիափոխադրողների համար, որ մտնեն այդ շուկա: Հիմա վերլուծություններ կանեն եւ մեր ավիափոխադրողները մրցակցային սեզոնային ուղղություններով չվերթներ կիրականացնեն, որը կբերի ավիատոմսերի գների ցածրացմանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ