2016թ. հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որին զոհ գնաց 84 մարդ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։
Նախագահ Պուտինն իր ուղերձում մասնավորապես նշել է. «Ցնցում է ձեր Ազգային տոնի օրը կատարված ահաբեկչության ցինիկությունն ու դաժանությունը։ Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկչությանն ամբողջությամբ խորթ է մարդկային բարոյականությունը։ Նրա զոհերն են դառնում անմեղ մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ»։
Պուտինն իր ուղերձում նշել է նաև, որ անհրաժեշտ է համատեղ պայքար ծավալել միջազգային ահաբեկչության դեմ։