2016թ. հուլիսի 14-ին Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ Ֆրանսիայի ժողովրդին ուղերձ է հղել նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Այս մասին տեղեկացնում է Vox World-ը։
Օլանդը նշել է, որ կատարվածից հետո անհրաժեշտ է բացարձակ զգոնություն պահպանել և տեղեկացրել է նաև, որ իր հրամանով ոտքի են հանվել Ֆրանսիայի ռազմական ուժերի պահեստազորայինները, որոնք կլծվեն երկրի անվտանգության ապահովմանը։
Իր խոսքում Օլանդը նաև նշել է. «Ակնհայտ է, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պայքարենք ահաբեկչության պատուհասի դեմ։ Ֆրանսիան հարված ստացավ իր ազատության խորհրդանիշ համարվող Ազգային տոնի օրը՝ հուլիսի 14-ին, որովհետև մարդկանց իրավունքները ոտնահարում են ֆանատիկոսները, և Ֆրանսիան անխուսափելիորեն դառնում է նրանց թիրախը։ Ֆրանսիան ուժեղ է, այն միշտ ուժեղ է լինելու։ Ես ձեզ հավաստիացնում եմ՝ ավելի ուժեղ, քան ֆանատիկոսները»։