Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխարտգործնախարարը՝ Հայաստանից վախեցած գործարարների եւ կապիտալի արտահոսքի մասին

Հուլիս 15,2016 11:36

Փոխարտգործնախարար Ռոբերտ Հարությունյանն այսօր «Երիտասարդ գործարարների ֆորումի» բացմանն էր մասնակցում:

Aravot.am-ի հարցին՝ ֆորումի ժամանակ Ֆրանսիայից եկած գործարարն ասաց, որ ՀՀ-ում չեն ցանկանում բիզնես դնել, որովհետեւ անկայուն վիճակ է երկրում, դիվանագիտական կորպուսն այս առումով աշխատանք չունի՞ անելու՝ նա պատասխանեց. «Իհարկե, ունի: Ապրիլյան իրադարձությունները եւ այն անկայունությունը որ տեսանք, իր ազդեցությունը թողնում է, որովհետեւ այդ ամեն ինչի մասին խոսվել է միջազգային ԶԼՄ-ներով եւ ամբողջ աշխարհը տեղյակ է դրա մասին: Այդ պահին մենք խնդիր էինք լուծում ապրիլյան պատերազմի հետեւանքները կանխելու: Գործարարի տեսանկյունից դա, իհարկե, որոշակի խնդիր ստեղծում է, հատկապես, երբ չեն խորանում իրավիճակի մեջ եւ սկսում են մտածել, որ դա անկայունության, ռիսկերի տեղ է: Պատերազմի հարցը լուծելուց հետո մենք պետք է ուժեղ ջանքեր կիրառենք, որ ցույց տանք՝ ՀՀ-ն ներդրումների համար բավականին բարենպաստ տեղ է: Մենք դրանով զբաղվում ենք: Ընդունում ենք, որ Հայաստանը դեռեւս լավ ներկայացված չի, գործարարները տեղեկացված չեն ՀՀ հնարավորությունների մասին»:

Դիտարկմանը, որ կոռուպցիան խանգարում է, որ գործարարները գան՝ փոխարտգործնախարարը չհամաձայնեց՝ ասելով, որ նախ այդ ուղղությամբ կառավարությունն աշխատում է, հետո ֆորումին 25 գործարար արդեն եկել են. «Եթե ձեր ասածն իրականություն լիներ եւ բոլորը վախեցած լինեին, մենք չէինք ունենա այն ոգեւորությունը, որ այսօր տեսնում ենք»:

Մեր դիտարկմանը՝ սկիզբը չի՞, ծանոթ չեն միջավայրին, եկել են՝ նա արձագանքեց. «Կարծում եք, այս երիտասարդները երբեւիցե ՀՀ չե՞ն եկել, ՀՀ-ի մասին չե՞ն լսել»:

Նա ասաց, որ հաջորդ տարի էլ կտեսնենք, որ նույն երիտասարդները շարունակում են գալ. «Վստահ եմ, որ կմնան»

Մեր հարցին՝ բա ինչո՞ւ է կապիտալի արտահոսք լինում, մեր երկրի գործարարներն են փախչում՝ նա պատասխանեց. «Մենք չենք կարող հիմնվել ոչ պաշտոնական տվյալների վրա, պետք է հիմնվենք վիճծառայության տվյալների վրա: Արտահոսք տեղի է ունենում նաեւ բոլոր մնացած երկրներից: Խնդիրը նրանում է՝ ի՞նչ նպատակով է գումարը գնում դուրս: Դա բիզնես հնարավորությո՞ւն է, թե՞ հարկերից փախնել: Դա նոր փող աշխատելու հնարավորություն է: Եթե դուք Ռուսաստանի բիզնեսմեն եք եւ ՀՀ-ում ներդրում եք արել, ստանում եք շահույթ, շահույթի հիմնական մասը գնալու է Ռուսաստան: Հիմա դրանից ՌԴ-ն շահո՞ւմ է, թե՞ չէ: Կապիտալը տեղափոխվում է այնտեղ, որտեղ գին, որակ հնարավորություններն են: Ինչի՞ են գնում Չինաստան: Դրանից ո՞վ է հարստանում, մենակ Չինաստա՞նը, ոչ, այն ընկերությունը, որը Չինաստանում ներդրում է արել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031