Հուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Աննա Արեւշատյանի «Բարի լույս» կինոնկարի պրեմիերան: Հուզիչ կինոնկար էր, տեղ-տեղ հետաքրքիր վիզուալ լուծումներով, հատկապես տպավորիչ էր անցումը երազից իրականությանը:
Այն պատմում է նախկին լրագրող Արշակի մասին, որը մի շարք հարցերի պատասխաններն է փնտրում մանկության հուշերում: Նրա ուղեղում մեխված են 90-ականների մասին հիշողությունները՝ Սումգայիթյան դեպքեր, Արցախյան հերոսամարտ, անլույս տարիներ, ծառերի սպանդ, բայց նաեւ շատ մեծ հույս, որ ամեն ինչ լավ է լինելու: Արշակը չի ուզում արտագաղթել, չնայած Կանադայից անընդհատ առաջարկներ է ստանում: Երիտասարդ լրագրողը հակամարտության մեջ է այն հեռուստաընկերության ղեկավարության հետ, որը խուսափում է սուր թեմաների լուսաբանումներից: Ի վերջո, Արշակը կորցնում է աշխատանքը, ինչի պատճառով մեղքի զգացում է ունենում ընտանիքի հանդեպ, որը կարող էր ավելի բարեկեցիկ կյանքով ապրել: Կնոջը հաջողվում է համոզել, որ արտագաղթեն: Արշակն անկարող է այդ որոշման մասին հայտնել հորը, որն ապրում է սահմանամերձ գյուղում, ու ժամանակին Արցախյան ազատամարտի մասնակիցներից է եղել:
Ծնողների տան ճանապարհին Արշակն անընդհատ վերապրում է մանկության հուշերը նաեւ լսում է սփյուռքահայ զբոսաշրջիկի տրտունջը, որ օտար երկրում ապրող իր երեխաներն այլեւս հայերեն չեն խոսում: Սեփական անցյալի հետ առերեսումը Արշակին օգնում է ճիշտ որոշում կայացնել: Ինքը չի կարող թողնել ու հեռանալ պապերի երկրից, որի համար հերոսներն արյուն են թափել, որն այնքան սիրելի է իր մինուճար զավակին:
Կարդացեք նաև
«Ֆիլմի նկարահանումը շատ դժվար եւ երկար ճանապարհ էր: Մեր ստեղծագործական խմբի յուրաքանչյուր անդամ մի կաթիլ արյուն է տվել այս նախագծին»,-ասաց ռեժիսորը:
Իմիջիայլոց, դահլիճի մուտքի մոտ արկղերով հաց էր դրված, արկղերի մոտ էլ
զարմացած մարդկանց հերթ էր գոյացել: Այդ մասին էլ Աննա Արեւշատյանն ասաց. «Մուտքի մոտ դրված փոքրիկ հուշանվերները նրա համար են, որ ձեզ հիշեցնեն, թե ինչ լուսավոր տարիներ են եղել 90-ականները»:
Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել են Արայիկ Դարբինյանը, Արսեն Կարապետյանը, Աշոտ Չթչյանը, Արեն Սողոյանը եւ Դավիթ Գասպարյանը: «Բարի լույսը» ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ