«Տարածքներ հանձնելու հայտարարություններ առաջինն արվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրթերից, բայց այդպես էլ մնացել են: Իրենք ունեն նման ցանկություն: Այսօրվա ՀՀԿ-ն էլ ՀՀՇ-ի շարունակությունն է, կրկնությունն է, ուղղակի անուններն է փոխվել՝ ՀՀՇ-ն դարձել է ՀՀԿ, Լեւոն Տեր-Պետրոսյանը փոխվել է Սերժ Սարգսյանով, հայտարարություններն են մի քիչ ձեւափոխվել, փաստաթղթերի անուններն են փոխվել՝ կազանյան, հիմա՝ լավրովյան: Բայց դա ուղղակի դավաճանություն է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ականների՝ տարածքներ հանձնելու մասին հայտարարություններն այսպես մեկնաբանեց Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա դիտարկմամբ՝ ԼՂՀ-ն անկախացել է Խորհրդային միությունից օրինական ճանապարհով: Իրենք փորձում են կասկածի տակ դնել Արցախի հանրապետության անկախացումը. «Նրանք բոլորը հանցագործ անձնավորություններ են, որոնք վտանգ են ներկայացնում մեր հասարակությանը»:
Թե ինչի մասին է խոսում հիմա Լավրովը, որ ԼՂՀ խնդիրը ավելի, քան երբեւէ մոտ է լուծմանը, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ բանակցային սեղանին դրված է մի փաստաթուղթ, որի շուրջ բանակցել են ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Քոչարյանը. «Որ այդպիսի փաստաթղթի տակ պատրաստ է եղել ստորագրել Սերժ Սարգսյանը, նա հրապարակավ հայտարարել է: Այդ մարդիկ դավաճանել են հայ ժողովրդին: Քառօրյա պատերազմից հետո Արցախի իշխանությունները հայտարարեցին, որ բանակցություններ գոյություն չունեն, մենք ամեն ինչ պետք է սկսենք զրոյից: Հասկանալի է, որ պատերազմից հետո եւ խաղաղ բնակչի առաջին պայմանը բոլոր տարիներին եղել է ուժի կիրառման բացառումը: Եղել է պատերազմ եւ միջազգային հանրությանը, բոլորին պարզ է ով է հարձակվողը եւ ինչ զենք է օգտագործել, մարդկության դեմ ինչպիսի հանցագործություն է տեղի ունեցել: Այս ամենը փաստարկված է: Եվ սրանից հետո խոսել այն փաստաթղթերի մասին, որոնց մեջ ներառված է Արցախի տարածքային ամբողջականությունը խախտող որեւիցե դրույթ, դա դավաճանություն է»:
Հայտնի է, որ ՌԴ-ն ակտիվացել է ԼՂՀ խնդրի կարգավորման գործում: Զարուհի Փոստանջյանը վստահ է՝ ՌԴ-ն համագործակցում եւ դաշնակցում է թուրքերի հետ. «Դա քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկների նույն դաշնակցությունն է: Դրա հետեւանքով մենք կորցրեցինք Արցախն ու Նախիջեւանը: Հիմա նույնը կրկնվում է: ՌԴ-ն այդ մահաբեր զենքով զինել է Ադրբեջանին եւ այդ թույլտվության հիման վրա է իրականացրել այդ 4-օրյա պատերազմը: Դրանում մասնակցություն է ունեցել նաեւ Սերժ Սարգսյանը, որ գաք ու տարածքները կվերցնեք: Բայց խառնել են ծրագրերը մեր 20-ամյա զինվորները եւ կամավորները: Սերժ Սարգսյանը դիտավորյալ հրաման չի տվել պաշտպանություն իրականացնելու, երկար ժամանակ Երեւանից հրաման չի եկել: Նա ունեցել է պայմանավորվածություն թե՛ թուրքերի, թե՛ ՌԴ-ի հետ»:
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյաննն այսօր ասել էր, որ ՀՀՇ-ի ժամանակ գրավյալ տարածքներ եզրույթն էին օգտագործում, ոչ թե ազատագրված՝ Զարուհի Փոստանջյանը արձագանքեց. «ՀՀՇ-ն ո՞վ է, նույն չեկիստական շարունակողներն են, բոլշեւիկյան շարունակությունն են: Այսօր ովքե՞ր են խոսում, խոսացողները վերջին բոլշեւիկի թափթփուկներն են: Թափթփուկներ են նրանք, ովքեր նման հայտարարություն են անում»:
Վերջում Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց նժդեհյան գաղափարախոսությանը մոտ, Նժդեհի զինակից Հայկ Ասատրյանի խոսքերը, որոնք ասես այսօրվա մասին են. «Ունենք ահռելիորեն սրված գոյության կնճիռ՝ թափառական ժողովուրդ եւ քաղաքականապես հոշոտված հայրենիք: Բայց վերակազմական, վերանվաճողական ճի՞գ: Մեր մտավորականության մի մասն է միայն երկնում: Մյուսը՝ նստած ռուսական տակառում, երերվում է հայոց խռովահույզ լճակի ալիքներին եւ թմբուկ զարկում՝ աշխարհի մեկ վեցերորդականի համար: Երրորդը` բացել է երախը եւ խոսքի ցեխ է թափում: Չորրորդը` փակել է ոգու դուռը եւ սեփական տկարությունն է որոճում: Իսկ թո՞ւրքը – նա քշում է իր երիվարը հայոց ամայացած դաշտերով, բարձրանում մեր հպարտ լեռները, տրորում նրանց զգայուն կուրծքը եւ մնում… անպատիժ: «Արթնացիր, Հայաստան», անհրաժեշտ, բայց տարաժամ կոչ, անհրաժեշտ, որովհետեւ, ահարկու է մեր կյանքի խռովքը, տարաժամ, որովհետեւ ճշմարիտ գիտության համար անասելիորեն խուլ են մեր ականջները ու զարհուրելիորեն կույր` մեր աչքերը: Ուրիշ ժողովուրդներ ոտքի են ելնում վտանգից առաջ, մենք` մրափում ենք աղետից հետո էլ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ