Այս շենքը, որտեղ հուլիսի 10-ին խոշոր հրդեհ բռնկվեց, եւ որտեղ տեղակայված են մի քանի պետական կառույցներ ու մասնավոր ընկերություններ, ճարտարապետական կանոնների խախտմամբ է կառուցված: Շենքի վերջին հարկը, որն էլ հենց հրդեհի զոհը դարձավ, վերջին տարիներին է կառուցվել` առանց ճարտարապետների համաձայնությունն ու կարծիքը հաշվի առնելու:
Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքը 50-60-ական թվականների է` նախագծով 5 հարկանի, սակայն քաղաքային իշխանությունների թեթեւ ձեռքով, իսկ ավելի ճիշտ՝ գրչով, շենքի հարկայնությունը մեկ հարկով էլ է ավելացվել: Բացի այն, որ շենքի ճարտարապետական տեսքն այդ մեկ հարկով փոխվել է, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այդ եւ ընդհանրապես՝ նման շենքերը նախատեսված են 7 բալի համար, եւ եթե դրանք չեն բերվում ամրության այն աստիճանի, ինչը պահանջում են այսօրվա սեյսմիկ նորմերը, ապա հարկ ավելացնելը հակացուցված է:
Լուսանկարը` ԼՈԻՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
14.07.2016