Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» դրամատիկ
կտավը ցուցադրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում
Ալեքսանդր Կոտտի «Ինսայթ» դրամատիկ կտավը ծանր ֆիլմ է: Պատմում է Պավել Զուեւի մասին, որը դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը, ստիպված է կյանքը նորից սկսել՝ կենսաձեւը հարմարեցնելով մթաբնակությանը: Երիտասարդ տղամարդը պետք է նորից սովորի ինքնուրույն ուտել, քայլել, լողանալ, տան գործերն անել եւ նույնիսկ պատուհանից նայել առանց որեւէ բան տեսնելու: «Նախորդ» կյանքի հետ նրան այլեւս ոչինչ չի կապում, Զուեւը հույս էլ չունի, թե ամեն ինչ առաջվա նման կլինի:
Ֆիլմում խորհրդանիշներ կան, օրինակ՝ ճոճվող ծառերը եւ նրանցից մեկի բարձր կատարին հազիվ կպած թռչնի բույնը, որ ուր որ է քամուց ցած կընկնի: Այն խորհրդանշում է Զուեւի մազից կախված կյանքը: Թաղված են նրա բոլոր հույսերը; Բայց ոչ, դեռ կա մի հույս՝ Նադեժդա անունով բուժքույրը (թարգմանաբար՝ «հույս»): Նա Զուեւին օգնում է վերագտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը:
Ֆիլմում զուգահեռ երկու ճակատագիր է ներկայացված՝ առողջ, ուժեղ, բայց կուրացած տղամարդու, որը տանել չի կարողանում խղճահարությունը, եւ Նադեժդայի, որը անձնական կյանքում երջանիկ չէ, երազում է մայրանալու մասին, իսկ ամուսինն իրեն չի կարող այդ շնորհով օժտել: Իրենք չեն էլ սիրում միմյանց: Կանացի էգոիզմով նա որոշում է Զուեւից երեխա ունենալ, բայց նաեւ ուզում է նրա համար էլ տոն ստեղծել՝ խաղում է կեղծ ամուսնություն, իբր Մոսկվա է տանում ճամփորդության: Կինն ու տղամարդը նաեւ կապվում են միմյանց հետ: Մանավանդ՝ սիրելու համար աչքեր պետք չեն: Զուեւը գեղեցիկ է համարում Նադեժդային, տարբերում է նրա ոտնաձայները, բույրը…
Նադեժդան հավատարիմ կին է ձեւանում, երկուսի համար էլ այդպես լավ է: Բայց ամեն լավ բան ունի իր ավարտը: Նադեժդան ստիպված է խոստովանել, որ «երջանկությունը» բեմադրված է եղել: Այն մեկ րոպեում փլվում է թղթե տնակի նման: Զուեւը չի կարող հաղթահարել եւս մեկ «կուրություն», նա չի ուզում հավատալ ականջներին: «Այդ ամենը եղել է, ես դա տեսել եմ», -ասում է հույսն ու Նադեժդային կորցրած տղամարդը, որը չի կարող հանդուրժել որեւէ խղճահարություն: Նադեժդան էլ վախենում է կրել Զուեւի կուրության բեռը, «կույր սիրո» ծանրությունը: Ցավոք, կյանքը միշտ չէ, որ շոկոլադային է… Արդեն մթության մեջ ապրել սովորած Զուեւը ունակ չէ ապրել առանց սիրո, նա գիտակցված ինքնասպանության է գնում:
«Ինսայթ» ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Ագրիպինա Ստեկլովան եւ Ալեքսանդր Յացենկոն: Երկուսն էլ հրաշալի են խաղում, ֆիլմը անսպասելի է՝ սյուժեով ու ռեժիսորական բացառիկ լուծումներով: Այնտեղ նաեւ հրաշալի օպերատորական աշխատանք կա՝ շնորհիվ Պյոտր Դուխովսկու: Ֆիլմում չկա որեւէ ավելորդ արտահայտություն, լալկանություն կամ պաթոս, ավելորդ դրվագ: Կոտտը չափազանց ազնիվ է գտնվել «Ինսայթում», նաեւ բծախնդիր է աշխատել իբրեւ ռեժիսոր եւ մեծ սիրով:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
14.07.2016