Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյանն ու Արթուր Աբրահամը կմենամարտեն նույն օրը՝ հուլիսի 16-ին

Հուլիս 15,2016 14:00

Վախթանգ Դարչինյանը (42-8-1, 31 նոկաուտով) ռինգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար հերթական մենամարտն անցկացնելու է հուլիսի 16-ին, ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքում: Այդ օրը ավստրալաբնակ վանաձորցին 10 ռաունդանոց մենամարտ կանցկացնի մեքսիկացի Էնրիկե Կեվեդոյի հետ (16-7-1, 10 նոկաուտով):

Հիշեցնենք, որ «Կատաղի Ցուլը» աշխարհի չեմպիոն դարձել է երեք քաշային կարգերում, իսկ մեկ քաշային կարգում եղել աշխարհի բացարձակ չեմպիոն, ինչը բացառիկ երեւույթ է ցածր քաշային կարգերի համար: Բիրմինգեմում Վախթանգ Դարչինյանը գրոհելու է չորրորդ՝ 55,5 կգ, քաշային կարգը եւ մտադրություն ունի այստեղ էլ գոտիները միավորել:

ԱՄՆ մեկնելուց առաջ Վախթանգը ժամանել էր Հայաստան: Այն ժամանակ քառօրյա պատերազմը նոր էր ավարտվել: Նա շատ անհանգիստ էր, բայց նաեւ հպարտ՝ մեր սահմանը պաշտպանող հերոս զինվորներով: Եկել էր նրանց այցելել-ոգեւորելու եւ ինքն էլ նրանցից ոգեւորվելու:

Բազում տիտղոսներ տեսած 40-ամյա բռնցքամարտիկը «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե եթե հաջողվի այս քաշային կարգում էլ չեմպիոնական գոտիները միավորել, ապա կդառնա միակը պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ, որը աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած կլինի երկու քաշային կարգերում: Իսկ եթե նպատակը չիրականանա, մեկ տարուց հրաժեշտ կտա պրոֆեսիոնալ բռնցքամարտին:

 

Վերջին մենամարտում, որ կայացել էր անցած տարվա դեկտեմբերին, ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտ էր գրանցվել Վիկի օգտին, քանի որ մրցակիցը՝ ֆիլիպինցի Կրիս Պաուլինոն արդեն երկրորդ ռաունդում հրաժարվել էր մարտը շարունակելուց:

Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում չեմպիոնական գոտու համար մենամարտելու է նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեր մյուս աստղը՝ Արթուր Աբրահամը, որի մրցակիցը սկանդինավցի ծագող աստղ, 23-ամյա Թիմ Ռոբին Լիհաուգն է:Vik-2

Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը տեղեկացնում է, որ Աբրահամը տրամադրված է անչափ մարտական եւ առավել քան վստահ է, որ հաղթանակն իրենն է լինելու: «Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է եւ որեւէ մեկին թույլ չեմ տա կանգնել իմ ճանապարհին: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս: Բայց այդ օրը լինելու եմ լավագույն մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից եւ ապացուցել, որ կարող եմ ավելին անել», – Աբրահամի խոսքերը մեջբերել է Սիրան Գրիգորյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

14.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031