Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր հայրենիքը Ալբերտ Ասատրյանին արժանացրել է երեք «Ոսկյա» մեդալի

Հուլիս 15,2016 13:30
eyfel

«Ալբերտ Ասատրյանը խոսափողի առաջ մի «հանրագիտարան է»,- այսպես են գրել Փարիզի թերթերը Փարիզի ԱՅԲ-ՖՄ հայկական ռադիոյի երեքշաբթի եւ հինգշաբթի թողարկվող գրական-երաժշտական հաղորդաժամերի արվեստագետ-մեկնաբանի մասին: Նա պատասխանատու իր աշխատանքներով սպասելի հյուր է հայ համայնքի արվեստասերների համար…

Ալբերտ Ասատրյանի կողմից ձայնասփյուռով հնչող թողարկումները, գրական, երաժշտական, թատերգային բարձրարվեստ մեկնաբանություններն ունկնդրում է Ֆրանսիայի ողջ հայ համայնքը:

Այո՛, արվեստաբան, մշակութաբան, մանկավարժ, թարգմանիչ, հաս. գործիչ Ալբերտ Ասատրյանի՝ մայրենիով հնչող խոսքը ոչ միայն հայերին հուզականություն է հաղորդում, այլեւ այն ուսուցանող բնույթ ունի: Թատրոնի, երաժշտարվեստի, հայոց մշակույթի, դասական գրականության հարուստ գանձարանն է ներկայացնում Փարիզյան հայկական ռադիոն` Ա. Ասատրյանի միջոցով: Ալբերտ Ասատրյանը ծնունդով Թբիլիսիից է, մասնագիտությամբ` լեզվաբան (տիրապետում է ֆրանսերենի, գերմաներենի, անգլերենի…): Նա երկար տարիներ՝ 1958թ. մինչեւ 2000թ., եղել է Թբիլիսիի հայկական հաղորդումների խմբագրությունում որպես ոչ միայն հաղորդավար-խոսնակ, այլեւ Պետրոս Ադամյանի անվ. հայկական թատրոնում երաժշտական կոմպոզիցիաների ձեւավորող-հեղինակը, գրական բաժնի վարիչը:

Ալբերտ Ասատրյանը ծանոթ ու մտերիմ է եղել հայոց մեծանուն գործիչներից շատերի, այդ թվում` Արամ Խաչատրյանի, Գոհար Գասպարյանի, Վահրամ Փափազյանի, Վարդան Աճեմյանի, Ռուբեն Մամուլյանի, Շարլ Ազնավուրի, Գառզուի հետ … Նրա ծառայությունները հայ թատրոնին, երաժշտարվեստին անքանակ են, հատկապես, երբ 2000թ. նա ընդմիշտ տեղափոխվել է Փարիզ. ռադիոսփյուռով նրա կողմից պատրաստված «Հայ թատրոն», «Թատերական ժամ», «Հայ բանաստեղծություն» եւ հարյուրավոր գրական-երաժշտական կոմպոզիցիաները, որոնք դասական հեղինակների ստեղծած քնարերգական գոհարներ են, փարիզահայերի համար՝ շաբաթը երկու անգամ բաժանվող հոգեւոր հացեր:

Հիսուն տարի շարունակ ԱՅԲ-ՖՄ ձայնասփյուռով Ալբերտ Ասատրյանը մեկնաբանություններ է անում հայ բեմարվեստի, երգարվեստի, գրականության նշանավոր անունների ստեղծագործությունների վերաբերյալ…Նա բազմաթիվ թատերական գործերի երաժշտական ձեւավորումների իրականացնողն է:
Ահավասիկ, Ալբերտ Ասատրյանը, լինելով որեւէ երկրում, առաջին հերթին գնում է գերեզմանատուն` ծաղկեփնջով «այցելում» հայ նշանավոր մտավորականների շիրիմներին (Պետրոս Դուրյան, Սիրանույշ, Անդրանիկ… անուններ, ովքեր իր հոգու կուռքն են նաեւ):

Ալբերտ Ասատրյանը ԱՅԲ-ՖՄ-ում թատերական եւ գրական բաժինների վարիչ է:
Նրա` հայ արվեստի եւ մշակույթի անխոնջ նվիրյալի` Ալբերտ Ասատրյանի երկարամյա, հայրենանվեր գործունեությունը գնահատվել է Մայր հայրենիքի կողմից. 82-ամյա հայրենապաշտ մտավորականը պարգեւատրվեց վերջերս: Հայաստանի անկախացման 24-ամյակի կապակցությամբ Ալբերտ Ասատրյանն իր անուրանալի վաստակի համար երեք «Ոսկյա» մեդալի արժանացավ՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ թատերական գործիչների միության կողմից: Այս մասին, իհարկե, սփյուռքի պարբերականներն արձագանքել են, իսկ այստեղ, տեղական մամուլը, չգիտես ինչու, լռում է, գուցե մտածել են դա կհամարվի գովազդ:

Արդ, հարկ է հավելել, որ, անշուշտ, ցանկալի կլինի Ալբերտ Ասատրյանի հայրենանվեր գործունեությունը լուսաբանվի երեւանյան մամուլում:
Շնորհավորելով Ալբերտ Ասատրյանին իր անշահախնդիր եւ նվիրական աշխատանքի համար՝ ցանկանք նրան ստեղծագործական հաջողություն եւ արեւշատություն:

 

ԼՈՒՍԻՆԵ ԹՈՓՈՒԶՅԱՆ

«Առավոտ»

14.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031