Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ բացահայտեց Սերժ Սարգսյանը

Հուլիս 15,2016 12:00

Գերտերություններից մեկը լծվել է
Ղարաբաղյան խնդիրը «ուժով լուծելու» գործին

Մինչ Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձանագրում էր, թե Ղարաբաղյան կարգավորման հարցում «կողմերը ավելի քան երբեւէ մոտեցել են հաջողության հեռանկարին», Սերժ Սարգսյանն ուշագրավ ուղերձով հանդես եկավ Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի բնակչությունն անվտանգ կարող է ապրել բացառապես Ադրբեջանի կազմից դուրս՝ «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով. «Որեւէ մեկի համար հիմա կասկած չկա. եթե ինչ-որ մի չար կատակով գոնե մեկ օր Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, Ղարաբաղում մի հայ չի մնա: Այնպես որ՝ ամենակարեւորը նա է, որ Լեռնային Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից՝ սա է կարեւորը»: Նա շեշտել է, որ եթե անգամ ամբողջ աշխարհը փորձի համոզել, Ղարաբաղի ժողովուրդը երբեւէ չի համաձայնի ապրել Ադրբեջանի կազմում. «Խոսքս, իհարկե, ուժի մասին չէ, որովհետեւ ցանկացած գերտերություն, նույնիսկ ցանկացած միջազգային կառույց կարող է ուժով այս խնդիրը լուծել, ասելս հետեւյալն է՝ կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, կարելի է ցանկացած բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում՝ անհնար է»: Ս. Սարգսյանը վստահեցրել է, որ կարգավիճակի հարցում վերջնական որոշում կայացնողը լինելու է ԼՂ-ի բնակչությունը՝ ելնելով ազգերի ինքնորոշման ու ազատ կամարտահայտության իրավունքի սկզբունքից, ու Ադրբեջանը պարտավոր կլինի հարգել այդ որոշումը:

Պաշտոնական Երեւանը պնդում է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ինքնորոշման իրավունքը եւ այդ իրավունքի իրացումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, եւ որ ԼՂ հարցի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչումով: Մինչդեռ պաշտոնական Բաքուն խոսում է փուլային կարգավորումից եւ ստատուս քվոյի փոփոխությունը կապում «գրավյալ տարածքների ազատագրման» հետ:

Ս. Սարգսյանի դիրքորոշումը որեւէ հայի համար նորություն չէ: Հարցն այն է, թե ինչո՞ւ հանկարծ Ս. Սարգսյանը որոշեց հիշեցնել հայկական կողմի դիրքորոշումը, այն էլ՝ շեշտադրումով՝ ուղղված «որեւէ գերտերության», որը կարող է «ուժով լուծել» ԼՂ խնդիրը: Ակնարկն, ինչպես ասում են, առավել քան թափանցիկ է:

Գերտերություններից մեկը, վստահաբար, լծվել է Ղարաբաղյան խնդիրը «ուժով լուծելու» գործին, ու բոլորին է պարզ, թե խոսքը որ գերտերության մասին է:

Որքան էլ պաշտոնական Երեւանը հերքի «Լավրովի պլանի» առկայությունը, պաշտոնական Երեւանի եւ Բաքվի վերջին շրջանի հայտարարությունները, ինչպես նաեւ Մոսկվայի գնահատականները բավարար են՝ պնդելու, որ Մոսկվան, այնուամենայնիվ, ունի «պլան» եւ հետեւողականորեն առաջ է ընթանում: Այդ «պլանը», թերեւս, գոյություն է ունեցել մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, պարզապես հիմա Կրեմլը ղարաբաղյան խնդրի «անհապաղ» լուծման անհրաժեշտությունն անընդմեջ շեշտելով` փորձում է ցույց տալ, թե որքան անթույլատրելի է ստատուս քվոյի պահպանումը:

Ավելին, առանց մանրամասներ բացահայտելու՝ Լավրովը Բաքվում պնդում է, թե` կողմերը ավելի քան երբեւէ մոտեցել են հաջողության հեռանկարին, սա՝ այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական հայտարարություններում ներառված գաղափարները` սահմանային միջադեպերի հետաքննության եւ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնման, կյանքի չեն կոչվել: Հետեւաբար` ի՞նչն է այդքան երջանկացնում Մոսկվային ու Բաքվին: Այդ որո՞նք են Ադրբեջանի համար Լավրովի այցի «դրական լիցքերը»:

Իրականում պետք է արձանագրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Բաքվի պահանջները «լսելի դարձնելու» հարցում Մոսկվան կոնկրետ դեր է ստանձնել, թեեւ այն ներկայացվում ու դրսեւորվում է որպես անկողմնակալ միջնորդի դերով, սակայն պարզ է, որ դա առավելապես կարգավորման գործընթացում «կառավարիչի» դերը ստանձնելու մղում է:

«Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցի շեշտադրումներում Սերժ Սարգսյանի խոսքում առավելապես մտահոգություն ու անհանգստություն կա, որը նա չի ցանկացել թաքցնել` նպատակ ունենալով որոշակիորեն բացահայտել այն ակնկալիքները, որն այսօր ունի գերտերություններից մեկը հայկական կողմից:

Պատահականություն չի կարելի համարել նաեւ այն հանգամանքը, որ վերջին օրերին կրկին ակտիվացել են ռուսաստանցի ադրբեջանամետ գործիչները` իրենց հայտնի գնահատականներով: Մինչ Լավրովը Բաքվում էր` ադրբեջանահաճո հայտարարություններով հանդես եկող ՌԴ նախագահի վստահված անձ, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ Սերգեյ Մարկովը, օրինակ, ԼՂ կարգավորման գործընթացում շուտափույթ եւ լուրջ բեկում կանխատեսեց՝ բնականաբար, դրա իրականացման ճանապարհին ներկայացնելով Բաքվի հայտնի նախապայման-պահանջները:

Պուտինամերձ մեկ այլ ռուսաստանցի գործիչ` Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ մշտապես ճիշտ ժամին, ճիշտ տեղում է: Նա էլ գտել է, թե ինչպես պետք է լուծել հայկական եւ քրդական խնդիրները` եթե Թուրքիան ու Ռուսաստանը միավորեն առեւտրային, տնտեսական եւ ռազմական ջանքերը: Այս համատեքստում, ըստ Ժիրինովսկու` կլուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը. «Թող Կրեմլում լուծեն, մեր նախագահը լուծի: Լեռնային Ղարաբաղի համար ինչ-որ յուրահատուկ կարգավիճակ կարելի է գտնել, որպեսզի եւ հայերը, եւ ադրբեջանցիները գոհ լինեն»:

Այս մարդկանց հայտարարություններին, իհարկե, շատերը լուրջ չեն վերաբերվում նույնիսկ Ռուսաստանում, բայց անգամ այնտեղ բոլորը գիտեն, թե այս մարդիկ երբ եւ ինչ նպատակով են խոսում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 14.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031