Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՂՈՒՄՆԵՐ

Հուլիս 15,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ քառասունմեկերորդ

ՇԵՂՈՒՄՆԵՐ

Եվ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «ասե՞մ՝ էս պորտրետիդ հատկապես ինչն ես հավանում», եւ ես հարցրի՝ «ի՞նչն եմ հավանում», եւ Վարուժը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «ֆոնը», եւ ես ֆոնի սիլուետները զննելով ասացի՝ «էս ֆոնը թանկ հիշողություններ ա արթնացնում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց ֆոնի էս սիլուետները ոնց որ խանգարում են» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «շեղում են», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն են շեղում», եւ Վարուժը ժպտալով  պատասխանեց ու ասաց՝ «ուշադրությունը բուն պորտրետից շեղում են», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ ուշադրությունն են շեղում», եւ Վարուժը պատասխանեց ու ասաց՝ «նայողի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «օրինակ՝ քո», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդքան հուշելուցդ հետո էդ սիլուետները  հազիվ նկատեցի», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց նկատելուց հետո արդեն ուշադրությունդ շեղում են» եւ մի քիչ էլ մտածեց  ու ավելացրեց՝ «իմ ուշադրությունն էլ են շեղում», եւ ես մի քիչ մտածեցի ու անհանգստացած  հարցրի՝ «կարող ա՞ հիմի էլ սրանք ջնջես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ միտք հուշեցիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թե չէ՝ շատ են շեղում», եւ ես նեղսրտած ասացի՝ «ո՞նց են շեղում, որ մի ժամ նայում էի՝ չէի նկատում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «բայց որ նկատում ես, հետո արդեն մենակ իրանք են աչքիդ էրեւում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կարեւորն էն ա, որ պորտրետին չեն խանգարում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շեղելը հենց խանգարելն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս ֆոնի  մեջ ինչ-որ ռաբիս բան կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոնց որ անճաշակ աբոյ ըլնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «շատ էլ ճաշակով ա» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ճաշակին ընկեր չկա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թող մնա չորանա՝ հետո կմտածեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չորանալուց հետո նկարն ահագին փոխվում ա», եւ ես ասացի՝ «գիտեմ», եւ Վարուժը փռթկացնելով ասաց՝ «մոռացել էի, որ Կոջոյան ու Թերլեմեզյան ես սովորել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «դու բանասիրական չես սովորել, բայց լավ էլ բանաստեղծություններ ես գրում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «հազիվ մի անգամ բերանդ բռնեց՝ գովեցիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էլի եմ գովել» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ընդ որում՝ մի քանի անգամ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչ-որ չեմ հիշում», եւ ես ժպտալով ասացի՝ «ես հիշում եմ», եւ Վարուժը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց իմ արձակն ավելի ուժեղ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հրանտը «Մինասի վերադարձը»  շատ ա հավանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կարծեմ դու էլ էիր հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «հիմա էլ եմ հավանում» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով  ավելացրի՝ «բանասիրական չես սովորել, բայց մեզնից լավ ես գրում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ գրելու համար բանասիրական կրթությունը հեչ պարտադիր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց լավ նկարելու համար նկարչական կրթությունը պարտադիր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «խոսքս ինստիտուտի դիպլոմին չի վերաբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կրթությունը շատ լայն հասկացողություն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կարող ա ինքնակրթությամբ ավելի մեծ արդյունքների հասնես, քան՝ ինստիտուտում սովորելով» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ու ընդհակառակը. կարող ա նկարչական մի քանի ինստիտուտ ավարտես, բայց ամբողջ կյանքում ինքնուս մնաս», եւ ես ժպտալով ասացի՝ «բանասիրական ավարտածների մեջ էլ լիքը անգրագետներ կան», եւ Վարուժը բավական երկար  մտածեց ու ասաց՝ «գրողի համար բանասիրական կրթությունը պարտադիր չի, բայց գրագիտությունը պարտադիր ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատերն են իմ «Մինասի վերադարձը»  հավանել, բայց,  իհարկե, Հրանտի հավանելն ամենակարեւորն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ  Հրանտը արձակի գծով մեր ամենապրոֆեսիոնալն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «իսկ որ իրա պորտրետը չի հավանում, էդ ներելի ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարեւորն էն ա, որ ինքն իմ նկարչությունը շատ ա հավանում» եւ մի քիչ էլ մտածեց ու  ասաց՝ «Վերժուկն էլ ա իմ նկարչությունը շատ հավանում», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ինքն ա ասել» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝  «Հրանտն էլ ա քո նկարչության մասին միշտ հիացմունքով  արտահայտվում»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031