Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղդամը տանք, ի՞նչ է եղել». Փոստանջյանը դավաճան է որակում տարածքներ հանձնող ՀՀԿ-ականներին

Հուլիս 14,2016 23:30

Վերջին շրջանում շատ է խոսվում տարածքների զիջման մասին, ի՞նչի մասին է խոսքը, ի՞նչ փոխզիջում պետք է արվի: Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այս հարցին պատասխանեց. «Ես փոխզիջումը պատկերացնում եմ այսպես՝ երկուսն էլ զիջում են: Տարածքները դե ֆակտո մեր ձեռքում է, Արցախը դե ֆակտո ինքնուրույն է, մենք բնականաբար ձգտելու ենք, որ այդ բոլորը դարձնենք դե յուրե: Մենք միշտ խոսել ենք Արցախի ազատագրման մասին, դեռեւս առաջին, երկրորդ նախագահի ժամանակ միշտ ասել ենք,որ մնացած տարածքները մենք գրավել ենք, ազատագրել ենք, որ ապահովենք Արցախի անվտանգությունը: Եվ այսօր ինչքան հնարավոր է այդ տարածքները պահել, պիտի պահենք: Բայց եթե զիջելու բան կա Արցախի անկախության դիմաց, կարող է նաեւ որոշակի տարածքներ զիջվի: Այն տարածքները՝ Լաչինը, չգիտեմ ինչը, որոնք իրոք անվտանգության համար են, ինչքան էլ խաղաղապահ զորքեր գան, համանախագահները ինչքան էլ վերահսկեն այն կարգավիճակը, որ պետք է ունենա Ղարաբաղը, բնականաբար, ՀՀ-ն ու Ղարաբաղը պետք է կապ ունենան: Պահպանելով ԼՂՀ անվտանգությունը, մենք կարող է, այո, որոշ տարածքներ զիջենք՝ Ղարաբաղի անկախության դիմաց: Դա կլինի 1 շրջան, 2 շրջան, թե ինչքան՝ կախված է մեր հնարավորություններից:

Հարցին՝ տարածքներ որ հանձնում եք, չե՞ք վախենում ժողովրդի ընդդիմանալուց՝ նա պատասխանեց, որ այդպիսի համարձակ մարդ չկա, որ առանց ժողովրդի այդ պատասխանատու հարցը վերցնի իր վրա. «Այդ հարցը պետք է լուծի ժողովուրդը, եւ ես այն կարծիքին չեմ, որ ժողովուրդն առաջնորդվում է ռոմանտիկությամբ: Երբ դիվանագետներն են զբաղվել տարածքների հարցով, վերջը միշտ լավ է եղել, իսկ երբ զբաղվել են ռոմանտիկ հայրենասերները՝ գրողները եւ այլն, նրանք հերոսներ են եղել, բայց մենք  միշտ տանուլ ենք տվել»:

Լրագրողների հարցին՝ տարածքներ զիջելով՝ չե՞ք կարծում, որ դա ՀՀԿ-ի քաղաքական վախճանը կլինի, ժողովուրդը ավելի շուտ Բաղրամյան 26-ը կզիջի Ադրբեջանին, քան Ղարաբաղի տարածքները՝ Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցրեց, որ ժողովուրդը բազմաշերտ է եւ միաձեւ չի մտածում. «Դիվանագիտությունը չի սիրում էմոցիաներ: Ես որ ասում եմ տարածքներ զիջել, երեւի ամենամեծ չուզողը ես եմ: Ես շատ հայրենասեր մարդ եմ: Բայց նայած ինչ տարածքի զիջում եւ ինչի համար: Պիտի ժողովուրդը հավատա ու լսի այն մարդկանց, ովքեր դրա մասնագետն են: Եթե ես Աղդամը պիտի տամ ու Ղարաբաղը պիտի դառնա անկախ պետություն, կարծում եմ, բոլորն էլ կհասկանան  դա: Աղդամը տանք, ի՞նչ է եղել»:

Այս հայտարարությունների հետ կապված Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շատ կոշտ արձագանքեց. «ՀՀԿ-ականները, իրենց այսպիսի հայտարարություններով նույն դաշտում են գործում, ինչ ադրբեջանցիներն ու թուրքերը: Իրենց պես վիճարկում են: Խոսել Արցախի տարածքների վերաբերյալ եւ նման հայտարարություններ անել՝ դա քրեորեն հետապնդելի արարք է: Այդ մարդիկ, բոլորը քրեորեն հետապնդելի արարք են անում: Ճիշտ  է, այսօր ՀՀ իրավապահ մարմինները չեն գործում ի շահ հայ ժողովրդի, բայց վերջիվերջո այդ օրը գալու է ու բոլոր այս մարդիկ պետք է նստեն մեղադրյալի աթոռին, պետք է տեղի ունենա հրապարակավ դատավարություն: Քառօրյա պատերազմից հետո նման հայտարարություններ անել նշանակում է՝ թշնամուն մեզ ավելի են մոտեցնում, մեր բնակավայրերին, նշանակում է, մենք նորից զոհեր ենք ունենալու եւ, ընդհանուր առմամբ, հայկական պետականության անկում: Արցախի տարածքային ամբողջականությունը խախտող որեւէ դրույթ ընդունելը դավաճանություն է»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականի այն դիտարկմանը, որ այդ տարածքները մենք գրավել ենք, ազատագրել ենք, որ ապահովենք Արցախի անվտանգությունը՝ Զարուհի Փոստանջյանը վրդովվեց՝ ՀՀԿ-ն նախ ո՞վ է, իրենք ոչինչ չեն գրավել: Դա մեր երեխաների, մեր հայրենակիցների արյունով պաշտպանված տարածքներ են, մենք ոչինչ չենք գրավել, մենք դեռ խնդիր ունենք ազատագրելու մեր հայրենիքը՝ դաշտային Արցախ եւ Նախիջեւան, էլ չեմ ասում Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների մասին: Մենք ոչինչ չենք գրավել, ընդհակառակը, մեր հայրենիքն է դեռ օկուպացված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031