Ինչպես հայտնի է, երեկ Արթիկ էր այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ծանոթանալու կառավարության կողմից տրամադրված գումարով ջրհեղեղի պատճառած վնասները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու մեկ անգամ ևս հանդիպելու տուժած բնակիչների հետ: Ի դեպ, վարչապետի այցի մասին ոչ բոլորն լրատվամիջոցներին էին տեղեկացրել. Գյումրիի լրատվամիջոցներից մի քանիսը, պատահաբար լսելով, մեկնել են իրադարձության վայր:
Կառավարության ղեկավարի այցը լուսաբանող գյումրեցի լրագրողների փաստմամբ, նախքան վարչապետի Արթիկ այցելելը, տուժած բնակիչներից մի քանիսը իրենց դժգոհությունն են ներկայացրել առ այն, որ կառավարության կողմից իրենց հատկացվող օգնությունը շատ չնչին է, բայց երբ վարչապետին տեսել են, մինչ այդ դժգոհող կանացից մեկը մոտեցել է ու Հովիկ Աբրահամյանին «հուսո աստղ» անվանել:
Լրագրողների ասելով, վարչապետը, որն ամենայն հավանականությամբ, թունդ բողոքների էր սպասում, անակնկալի է եկել նման շոյող խոսքերից: Այնուհետ տիկինը հեռուստաընկերությունների օպերատորներին խնդրել է թույլ տալ զրուցել վարչապետի հետ՝ առանց նկարահանումների: Սակայն, ըստ լրագրողների, տեսախցիկներն արդեն ֆիքսել էին, կադրերը կան, որտեղ կինը նման գովեստի խոսք է հնչեցնում վարչապետի հասցեին:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ