Ավանդական քարե դաստակերտ՝ բասկերի գյուղական կյանքի ամրոց, որն իր հին պատերի ներսում պահպանում է խորհրդավոր ու հնագույն իմաստություններ: Ժամանակակից աշխարհի համար նման վայրում ապրելը մեկուսի ու դաժան է թվում: Տան բնակիչները հաճախ իրենց զգում են ճակատագրի թակարդում, որտեղ հայտնվել են ծնված օրից:
Թոմասի և Իշաբելի երեք զավակներից յուրաքանչյուրն իր ձևով է պայքարում այս իրականության դեմ՝ թաքնվելով հումորի հետևում, փախուստ գտնելով ճամփորդության մեջ կամ, ինչպես Ամայան, փորձելով ելք գտնել արվեստի գործերի միջոցով:
Ամայան փորձում է չխզել կապերն իր ժառանգությունից, բայց Թոմասը, որ մեծացել է երկաթյա ավանդույթի համաձայն, անկարող է Ամայայի կյանքն այլ կերպ հասկանալ, քան որպես վերջնական հեռացում այն տնից, որտեղ ապրել են իր ընտանիքի բազմաթիվ սերունդներ:
Ամայան հուսահատորեն փորձում է գեղարվեստական գործունեությունը համադրել նախնիների ժառանգության հետ՝ նույնիսկ ընդդիմանալով հոր համառ անհամաձայնությանը: Իսկ տատը՝ Ամաման, լուռ հետևում է, թե ինչպես է ծավալվում ընտանիքի ճակատագիրը, նույնիսկ երբ աշխարհն սկսում է խամրել աչքի առաջ…
Կարդացեք նաև
Բասկ ռեժիսոր Ասիեր Ալտունայի «Ամամա» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում:
«Շատ հպարտ եմ, որ բասկերի լեզվով ֆիլմեր են ներկայացվում Հայաստանում: Տասը տարվա ընթացքում այդ լեզվով 3-4 խաղարկային ֆիլմ է նկարահանվել: Մենք դրանցում շատ ֆինանսներ չենք կարողացել ներդնել, սակայն մեր սիրտն ու հոգին ենք նվիրել, շատ ենք աշխատել դրանք ավելի լավը դարձնելու ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ասիեր Ալտունան:
Ռեժիսորի համար «Ամամա»-ն առանձնակի նշանակություն ունի, քանի որ գյուղական կյանքին է անդրադառնում. «Ես ծնվել ու մեծացել եմ գյուղում, հետո շատերի նման տեղափոխվել եմ քաղաք: Այս ֆիլմում փորձել եմ «վերստեղծել» այն գյուղը, որտեղ ապրել եմ»,- նշեց Ասիեր Ալտունան:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ