Այսօր Գյումրիում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, ԱՄՆ կառավարության, քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացվեց ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան:
Այն վերանորոգվել է ՀՀ և ԱՄՆ-ի կառավարությունների միջև կնքված համաձայնագրով: Ինչպես իր ելույթում նշեց ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության գլխավոր տնօրեն Էլիզաբեթ Ջորջը, 2,7 միլիոն դոլար են ներդրել լաբորատորիայի վերանորոգման համար, բացի այդ մոտ 340 հազար դոլար արժողությամբ սարքավորումներ ու կահույք են գնել:
«ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալությունը մեծ ջանքեր է գործադրում աշխարհի այս մասում, որպեսզի զարգացնի համագործակցությունը և պայքարի վարակիչ հիվանդությունների և կենսաբանական սպառնալիքների դեմ կենսաբանական ոլորտում ներգրավման համագործակցային ծրագրի շրջանակներում, որը կազմում է սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի մի մասը: Մենք համագործակցում ենք մեր գործընկեր երկրների հետ, որպեսզի նվազեցնենք թե բնական ձևով ծագած, թե մարդու կողմից միտումնավոր ստեղծված կենսաբանական սպառնալիքները: Ծրագրի առաքելությունն է անվտանգ դարձնել, վերացնել, կանխարգելել կենսաբանական զենքի տարածումը», -ասաց ամերիկացի պաշտոնյան:
Նա նաև տեղեկացրեց, որ 2017 թվականի գարնանը իրենք կավարտեն երեք մարզերի՝ Սյունիքի, Լոռու ու Գեղարքունիքի լաբորատորիաների վերակառուցումը:
Նշենք, որ Շիրակի տարածաշրջանային լաբորատորիան նախքան վերանորոգումը հակահիգենիկ մի շենքի էր վերածվել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ