Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում

Հուլիս 14,2016 19:35

«Էկոլոգիական իրավունք» և «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպությունների կողմից 2016 թ. հուլիսի 12-ին  տարածված հայտարարության վերաբերյալ

Հարգելի գործընկերներ, ինչպես ձեզ հայտնի է, 2016 թվականի հուլիսի 12-ի երեկոյան   «Էկոլոգիական իրավունք» և «ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում պահանջում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» անցկացված հասարակական լսումներն անվավեր ճանաչել և անցկացնել նոր լսումներ:

Մենք գտնում ենք, որ հիշատակված հայտարարության մեջ նշված պահանջները և գնահատականները     ամբողջությամբ անհիմն են, միտված են զուտ ԶՊՄԿ վարկաբեկելուն և  չեն բխում ՀՀ օրենսդրության պահանջներից՝ հետևյալ պատճառաբանությամբ .

  1. Հայտարարության մեջ վկայակոչված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը (հայտարարության մեջ նշված է՝ «կետ»), ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 14-րդ 15-րդ և 17-րդ կետերը և նշված է, որ քննարկման դրվող նախագծերը չեն տեղադրվել ոչ Կապանի քաղաքապետարանի, և ոչ էլ ՀՀ բնապահպանության նախարարության էլեկտրոնային կայքերում, ինչի արդյունքում խախտվել են  տեղեկատվության մատչելիության և դրա հետ փոխկապակցված բազմաթիվ իրավունքներ:

Հայտարարության հեղինակները փորձ են արել վերը նշված իրավական նորմերի կամայական մեկնաբանությունների միջոցով թյուր պատկերացում ստեղծել լսումների նախապատրաստման և անցկացման ընթացքում ձեռնարկված միջոցառումների օրինականության վերաբերյալ, ինչն ակնհայտ է դառնում նշված իրավանորմերի պահանջների պատշաճ մեկնաբանման արդյունքում:

Մասնավորապես, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  նախատեսվող գործունեության ու դրանց ազդեցության գնահատումների գործընթացների իրականացման մասին hանրության ծանուցումն իրականացնում են ազդակիր համայնքների ղեկավարները (քննարկումների պատասխանատու) և ձեռնարկողը: Լիազոր մարմինն իրականացնում է ձեռնարկողի ներկայացրած հայտի, հաշվետվությունների և փորձաքննական եզրակացության նախագծի մասին հանրության ծանուցումը:

Օրենքի նշված հոդվածով հստակ սահմանված և տարանջատված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ընթացքում ներգրավված կառույցների գործառույթները՝ hանրության ծանուցման հետ կապված՝

  • Ազդակիր համայնքների ղեկավարները և ձեռնարկողը իրականացնում են hանրության ծանուցումը՝ նախատեսվող գործունեության ու դրանց ազդեցության գնահատումների գործընթացների իրականացման մասին,
  • Լիազոր մարմինը իրականացնում է hանրության ծանուցումը՝ ձեռնարկողի ներկայացրած հայտի, հաշվետվությունների և փորձաքննական եզրակացության նախագծի մասին:

Հաջորդող գործընթացների իրավակարգավորումները կառուցված են հենց նույն տրամաբանությամբ և գործառույթների նմանատիպ տարանջատման մեխանիզմներ են պարունակում:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Նշված դրույթի հիման վրա ՀՀ  Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատվել է «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը», որով, հիմք ընդունելով օրենքի իմաստը և պահանջները, առավել մանրամասն իրավակարգավորումներ են սահմանվել:

Նշված կարգի 13-րդ կետի համաձայն՝ համապատասխան փուլի փաստաթղթերը ստանալուց հետո քննարկումների պատասխանատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցումը տեղադրում է իր պաշտոնական կայքում, փակցնում է իր նստավայրի և հանրային նշանակության շենքերի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակի վրա, հրապարակում է Հայաստանի հանրապետության պաշտոնաթերթում` քննարկումներից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ:

Հաշվի առնելով հանրային ծանուցմանը ներկայացվող պահանջները՝ հանրային քննարկման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 2016 թվականի հունիսի 28-ի համարում, միաժամանակ փակցվել ազդակիր համայնքների ղեկավարների նստավայրերի և հանրային նշանակության շենքերի՝ հայտարարությունների համար առանձնացված ցուցատախտակների վրա, տեղադրվել պաշտոնական էլեկտրոնային կայքերում (կայքեր ունենալու դեպքում):

ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր փուլի համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը տեղադրվում է քննարկումների պատասխանատուի էլեկտրոնային կայքում, տպագիր տարբերակը` քննարկումների պատասխանատուի նստավայրում, փորձաքննության փուլերում` փորձաքննական կենտրոնի էլեկտրոնային կայքում և նստավայրում:

Ինչպես կարելի է նկատել, նշված դրույթով, հաշվի առնելով օրենքի իմաստը և գործառույթների տարանջատման սկզբունքները, հստակ սահմանված է, թե որ փուլի փաստաթղթերը  որ մարմնի կայքում են հրապարակվում  և հասանելի դարձվում հանրությանը:

Տվյալ հանրային քննարկմանը վերաբերող փաստաթղթերը ենթակա էին հրապարակման քննարկման պատասխանատուների (ոչ թե լիազոր մարմնի, փորձաքննական կենտրոնի կամ ձեռնարկողի) էլեկտրոնային կայքում, իսկ տպագիր տարբերակը` քննարկումների պատասխանատուի նստավայրում: Վկայակոչված դրույթով հստակ սահմանված է, որ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները տեղադրվում են փորձաքննական կենտրոնի էլեկտրոնային կայքում և նստավայրում փորձաքննության փուլերում, իսկ անցկացված հանրային լսումները տեղի են ունեցել ոչ թե փորձաքննության փուլերում, այլ ազդեցության գնահատման փուլում: Այսինքն, փաստաթղթերը փորձաքննական կենտրոնի էլեկտրոնային կայքում հրապարակելու և նստավայրում տեղադրելու պահանջը չի տարածվում ազդեցության գնահատման փուլում անցկացվող լսումների վրա:

Նախատեսվող գործունեության իրականացման վայրը և ազդակիր համայնքները ինն են, որոնցից էլեկտրոնային կայքեր ունեն միայն երկուսը (Կապան և Քաջարան քաղաքային համայնքները): Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների հղումները տեղադրվել են այդ կայքերում (այժմ էլ հասանելի են), իսկ փաստաթղթերի թղթային տարբերակները տեղադրվել են քննարկումների պատասխանատուների նստավայրերում և բոլոր ցանկացողներին անարգել հնարավորություն է տրվել ծանոթանալ դրանց:

Ինչ վերաբերում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների վկայակոչմանը, ապա հայտարարության հեղինակները փորձել են նշված դրույթը մեկնաբանել առանձին վերցված, ամբողջ իրավակարգավորման տրամաբանությունից և իմաստից կտրված՝ անտեսելով իրավական նորմերի մեկնաբանման այն հանրահայտ սկզբունքը, որ իրավական նորմի մեկնաբանությունը չպետք է փոխի դրա իմաստը:

Մասնավորապես, նշված նորմի համաձայն՝ ծանուցումը, նախագծային փաստաթղթերը տեղադրվում են նաև լիազոր մարմնի պաշտոնական կայքում` լսումներից առնվազն 7 աշխատանքային օր առաջ: Նշված դրույթը անհրաժեշտ է մեկնաբանել, ոչ թե առանձին վերցված, այլ ընդհանուր իրավակարգավորումների համատեքստում, որի դեպքում պարզ է դառնում, որ լիազոր մարմնի նշված պարտավորությունը վերաբերում է միայն ձեռնարկողի ներկայացրած հայտի, հաշվետվությունների և փորձաքննական եզրակացության նախագծի մասին ծանուցումներին, որոնք կազմակերպվում և անցկացվում են լիազոր մարմնի կողմից՝ համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի:

Այսինքն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը անհրաժեշտ է մեկնաբանել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումների համատեքստում, ինչը հնարավորություն է տալիս վեր հանել օրենքի իմաստը:

Հաշվի առնելով, որ ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի համաձայն՝ Ա կատեգորիայի գործունեության տեսակների համար հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել ծանուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, մշակված փաստաթղթերի հասանելիությունը (և  էլեկտրոնային, և  փաստաթղթային տեսքով) ապահովված է քննարկումների պատասխանատուների ինտերնետային կայքերում, ինչպես նաև համայնքների ղեկավարների նստավայրերում սահմանված ողջ ժամանակահատված համար:  Նման մոտեցումը նպատակ է հետապնդում հանրությանը ապահովել առավելագույն հնարավորությամբ՝ անարգել ծանոթանալու գործունեության վերաբերյալ փաստաթղթերին և սահմանված ժամկետում ներկայացնելու դիտողություններ և առաջարկություններ:

  1. Հայտարարության մեջ վկայակոչվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասը և նշվել, որ լիազոր մարմնի ներկայացուցիչը չի մասնակցել հանրային քննարկմանը:

Չնայած այն հանգամանքին, որ օրենքի նշված դրույթը ևս ենթակա է մեկնաբանման նույն հոդվածի 2-րդ մասի համատեքստում  և վերաբերում է միայն ձեռնարկողի ներկայացրած հայտի, հաշվետվությունների և փորձաքննական եզրակացության նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին, այնուամենայնիվ, տեղի ունեցած հանրային քննարկմանը լիազոր մարմնի ներկայացուցիչը մասնակցել է:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից նախատեսված գործունեության ու դրա ազդեցության գնահատման գործընթացների իրականացման վերաբերյալ 2016 թվականի հուլիսի 8-ին անցկացված հանրային լսումներին մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը:

  1. Հայտարարության մեջ վկայակոչվել է ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի 41-րդ կետը և նշվել, որ հանրային քննարկման մասնակիցների հարցերին հստակ և բավարար պատասխաններ չեն տրվել:

Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ հանրային քննարկման ընթացքում ներկայացնող անձը պատշաճ և ամբողջական տեղեկատվություն է տրամադրել  նախատեսվող գործունեության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումների մասին, ընկերության համապատասխան աշխատակիցների և հրավիրված մասնագետների կողմից պատասխանվել են հանրության կողմից հնչեցված բոլոր հարցադրումներին: Ինչ վերաբերում է բարձրացված հարցերի պատասխանները ոչ հստակ և ոչ բավարար որակվելուն, ապա հստակությունը և բավարարությունը գնահատողական կատեգորիաներ են և ոչ կառուցողական մոտեցումներ դրսևորող անձանց կողմից միշտ էլ կարող են շահարկվել՝ ելնելով հետապնդվող նպատակներից:

Բացի այդ,  ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի համաձայն՝ հանրությունը կարող է գրավոր դիտողություններ, առաջարկություններ և հարցադրումներ ներկայացնել, որոնց սահմանված կարգով և ժամկետներում կպատասխանվի՝ հետագայում դրանք ներառելով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության մեջ:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ հայտարարության հեղինակները ի սկզբանե նպատակ են ունեցել ոչ թե կառուցողական համագործակցության, նախագծային փաստաթղթերի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու միջոցով նպաստել նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության գնահատմանը և այդ ազդեցությունը նվազագույնի հասցնելուն ուղղված լուծումների մշակմանը, այլ տեղի ունեցած հանրային լսումները ներկայացնել որպես ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով անցկացված:

Մասնավորապես, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացների նպատակն է նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը, նվազեցումը կամ բացառումը: Նշված գործընթացներում հասարակության լայն ներգրավվածությունը կոչված է ապահովելու շահագրգիռ հասարակության տեղեկացվածությունը և արդյունավետ մասնակցությունը նախատեսվող գործունեության վերաբերյալ որոշումների ընդունմանը՝ դեռևս վաղ փուլերում:

Այսինքն՝ ակնկալվում է, որ հասարակության ներգրավվման միջոցով ևս հնարավոր կլինի վեր հանել նախատեսվող գործունեության թերի և ռիսկային կողմերը, քննարկել և գտնել շրջակա միջավայրի համար առավել անվտանգ և արդյունավետ լուծումներ:

Ցավալի է, որ տվյալ պարագայում հիշատակված հայտարարության հեղինակները շեղվել են հանրային լսումների բուն էությունից և ընդամենը փորձել են վարկաբեկել իրականացված գործընթացները, ինչը ակնհայտ պատվերի տպավորություն է թողնում:

ԶՊՄԿ հասարակության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031