Լրահոս
Օրվա լրահոսը

Տասը պատճառ, թե ինչու «Համախմբում» կուսակցությունը դառնալու է քաղաքական բևեռ և իշխանության իրական հավակնորդ

Հուլիս 14,2016 19:10

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

Տասը պատճառ, թե ինչու «Համախմբում» կուսակցությունը դառնալու է քաղաքական բևեռ և իշխանության իրական հավակնորդ:

Առաջին, թեև կուսակցությունը նոր է, բայց ստեղծվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական, պաշտպանության, օրենսդրական աշխատանքի, տնտեսության և քաղաքացիական հասարակության երկար տարիների փորձ ունեցող մարդկանց կողմից: Այդ մարդիկ անմնացորդ նվիրում ունեն երկրին, հավատում են նրա ապագային, երբեք չեն շեղվել իրենց սկզբունքներից, գործարքների մեջ չեն մտել, կախվածություններ չունեն, լավ են պատկերացնում երկրի խնդիրները և ունեն դրանց լուծումները:

Երկրորդ, «Համախմբումը» ավելին է, քան կուսակցություն: Այն իրականում վերկուսակցական հարթակ է, ժողովրդական շարժում է, ազատ ժողովրդավարական արժեքների կրող է, բաց է բոլորի համար և պատրաստ է համագործակցել անխտիր բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն ցանկանում են երկրում արմատական փոփոխություններ տեսնել:

Երրորդ, «Համախմբումը» մեկ անձի կուսակցություն չէ, թիմային կառույց է՝ բաց, թափանցիկ, ժողովրդավարական: Կուսակցության կորիզը կազմելու է երիտասարդությունը, բոլոր հնարավորություններն ստեղծվելու են, որ նրանք իրենց դրսևորեն, և ապահովվի սերնդափոխությունը:

Չորրորդ, «Համախմբումը» առանց ձևականությունների գործելու է ընդդիմադիր դաշտում, ձգտելու է իշխանության և իր աշխատանքով ու ծրագրով լինելու է իշխանության իրական հավակնորդ:

Հինգերորդ, իշխանության հասնելու դեպքում պետական և կառավարման համակարգում ներգրավելու է հայ ժողովրդի մարդկային լավագույն ներուժը՝ անկախ նրանց քաղաքական և այլ տեսակի պատկանելությունից:

Վեցերորդ, ունի ծրագիր, որը խարսխված է լինելու չորս հենասյուների վրա.

ա) Արմատական, կառուցվածքային փոփոխություններ. այսօր միջազգային գնահատականներում Հայաստանը ներկայացվում է որպես կիսաավտորիտար, ազատ մամուլ չունեցող, կոռուպցիոն բարձր հակումներով և ոչ մրցունակ երկիր: Այս ընկալումը պետք է փոխել ամենակարճ ժամկետում: Դրա իրականացումը բացարձակապես կապ չունի երկրի ռեսուրսների, աշխարհագրության և փակ սահմանների հետ, այլ ընդամենը կապ ունի քաղաքական կամքի դրսևորման և հանրային շահը նեղ անձնական, կուսակցական շահերից վերադասելու պատրաստակամության հետ:

բ) Ընդլայնողական տնտեսական քաղաքականություն. միանշանակ հրաժարվել այսօր իրականացվող՝ պարզապես բյուջեի կատարման և գնաճի զսպման քաղաքականությունից և շեշտը դնել տնտեսական աճի ու զարգացման, աշխատատեղերի ստեղծման և կենսամակարդակի բարձրացման վրա: Սա բնականաբար ենթադրում է աշխատավարձերի և թոշակների բարձրացում, հարկային բեռի նվազեցում, բյուրոկրատական քաշքշուկների և կոռուպցիայի սանձում, քաղաքացիների գրպանին հարվածող կեղեքիչ հնարքների վերացում։ Այլ կերպ ասած՝ բյուջեի հնարավորությունների մեծացում՝ տնտեսության զարգացման միջոցով։

գ) Անվտանգության և պաշտպանության հարցերի վերանայում. Ապրիլյան չորսօրյա պատերազմը ակներև դարձրեց մեր թերացումները կազմակերպչական, մարտավարական և սպառազինության հարցերում: Այս հարցերում կլինեն նոր մոտեցումներ: Բանակը պետք է դադարի «բեռ» լինել բյուջեի համար, իսկ երիտասարդների զինվորական ծառայությունը՝ մտահոգություն նրանց ծնողների համար: Բանակը պետք է դառնա մեր տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման շարժիչներից մեկը՝ իր պատվերներով ու պահանջարկով: Բանակը պետք է դառնա կրթական դարբնոց, որը յուրօրինակ լրացում կլինի հանրակրթությանն ու բուհական կրթությանը:

դ) Վերադարձ կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը. վերջին տարիներին մեր արտաքին քաղաքականությունը չի ունեցել գաղափարական հենք և միջոցից վերածվել է նպատակի: Էապես խախտվել է մեր արտաքին քաղաքական հավասարակշռությունը համաշխարհային երեք բևեռների միջև, այդ իսկ պատճառով երկկողմ կամ բազմակողմ հարաբերություններում չենք ունեցել որևէ շոշափելի առաջընթաց: Մենք կվերադարձնենք կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը:

Յոթերորդ, ես այսօր՝ որպես ընդդիմադիր կուսակցության ղեկավար, բայց նաև թիմի հավասար անդամ, տասնյոթ տարի եղել եմ իշխանության մեջ: Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չորս տարի եղել եմ արտաքին գործերի նախարարի տեղակալ, իսկ Քոչարյանի օրոք տասը տարի ղեկավարել եմ արտաքին քաղաքական գերատեսչությունը: Ես ծառայել եմ ոչ թե մարդուն, այլ ժողովրդին և պետությանը:

Ութերորդ, ես եղել եմ հեղինակը կոմպլեմենտար արտաքին քաղաքականության, որը տասը տարի հաջողությամբ ծառայել է Հայաստանի Հանրապետության շահերին: Պահպանվել է խաղաղությունը, ամրագրվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդլայնվել և խորացել են երկկողմ հարաբերությունները, հավասարակշռություն է պահպանվել աշխարհաքաղաքական երեք բևեռների միջև, ակտիվ և արդյունավետ ներգրավվածություն է եղել բազմակողմ դիվանագիտության ասպարեզում, տարեցտարի աճել են ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ և տարիներ շարունակ ապահովվել է տնտեսական բարձր աճ:

Իններորդ, լինելով նաև սփյուռքահայ՝ ես կարողացել եմ Սփյուռքին հնարավորինս ներգրավել Հայաստանի զարգացման գործում: Անցկացվել է Հայաստան-Սփյուռք երեք մեծ խորհրդաժողով, որոնք հիմք են դրել և օրակարգ են ձևավորել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Հնարավոր է եղել Սփյուռքի նյութապես կարող և ինտելեկտուալ անհատներին ներգրավել Հայաստան:

Տասներորդ, հատկապես այս օրերին Լեռնային Ղարաբաղի հարցը մեր ազգի առջև ծառացած ամենալուրջ մարտահրավերն է: Ես Հայաստանում այն մարդկանցից եմ, որը մանրամասնությամբ տիրապետում է հարցի էությանը և պատկերացնում լուծումը: Իմ գործունեության ընթացքում հնարավոր է եղել Ադրբեջանի կազմում ինքնավարության մոտեցումներից անցում կատարել ընդհանուր պետության գաղափարին, իսկ դրանից հետո՝ ռեֆերենդումի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրմանը: Ես այսօր հավատում եմ և շատ լավ պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է անել տրամաբանական հաջորդ քայլը և հասնել Ղարաբաղի անկախության ճանաչմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031