ՀՀ Սյունիքի մարզի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները
Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Հուլիսի 14-ի դրությամբ այրվում է մոտ 200 հա խոտածածկ տարածք, տարածվելով նաև «Արևիկ» ազգային պարկի 4 հեկտար տարածքում:
ՀՀ բնապահպանության նախարարության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները, ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների, ՀՀ Զինված ուժերի տեղի ստորաբաժանման զինծառայողների և հարակից համայնքների բնակիչների հետ երկու օր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհի մարմանը խոչընդոտում են արագ քամին և տեղանքի բարդ ժայռոտ բնույթը:
Գիշերային ժամանակահատվածում հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դեպի բնակելի և անտառապատ տարածքներ «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցների և հրշեջների ուժերով սահմանվել էր հերթապահություն: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային մյուս ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները «Արևիկ» ազգային պարկի և հարակից տարածքներում:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության նախարարություն