Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դեռ բարաթը չկա». Սերժ Սարգսյանի` ազատագրված յոթ շրջանների մասին հայտարարության առիթով

Հուլիս 14,2016 18:55

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի` ազատագրված յոթ շրջանների մասին հայտարարությունը դեռ  ուղղակի հայտարարություն է, ոչ թե ՀՀ պաշտոնական դիրքորոշում:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Սարգսյանը մանրամասնեց. «Ինչպես ասում են՝ դեռ բարաթը չկա՝ Սերժ Սարգսյանի ասածը դեռ ուղղակի հայտարարություն է՝ տարածքների հնարավոր վերադարձի, փոխզիջման մասին, իսկ երբ փաստաթղթով դա ներկայացվի եռանախագահներին, դա արդեն ՀՀ պաշտոնական դիրքորոշում կլինի»:

Ըստ Արամ Սարգսյանի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մենք դեռ համարժեք չենք գործում. «Եթե գնում ենք փոխզիջումային տարբերակի, հստակ պետք է ձևակերպենք, թե որն է մեր կողմից զիջումը: Փոխզիջումը կարող է միակը լինել: Խաղաղության մասին պայմանագրով են ձևավորում պատերազմի արդյունքները: Եթե դրանով չենք աշխատում, նման կցկտուր վիճակներ են առաջանում»:

Արամ Սարգսյանի համոզմամբ` ՀՀ-ն պիտի ճանաչի ԼՂՀ ձևավորման օրինականությունը և նրա անկախ գոյությունը Ադրբեջանից, հետո հանրաքվեով ԼՂՀ բնակչությունը որոշի` միանո՞ւմ է Հայաստանին, թե՞ մնում է անկախ պետություն:

Պարոն Սարգսյանը վստահեցնում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նոր մոտեցումներ են անհրաժեշտ, քանի որ այլևս այս ստատուս քվոն պահպանել հնարավոր չէ. «Ինչ-որ մի բան պետք է փոխվի, նոր մի կարգավիճակ ու իրավիճակ ստեղծվի: Ադրբեջանը հստակ ասում է, որ մինչև իմ յոթ շրջանները չվերադարձնեք, ես այլ հարց քննարկել չեմ կարող: Մենք պարտավոր ենք ներկայացնել նոր մոտեցումը»:

Այս համատեքստում հաճախ է խոսվում փոխզիջումների մասին: Հարցին կո՞ղմ է փոխզիջումների, ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Գնահատականս այն է, որ առանց Ղարաբաղի անկախ պետականության մենք ուրիշ հարց պատրաստ չենք քննարկել: Անկախ Ղարաբաղը նախ այն է, որ գիտենք, անկախ Ղարաբաղը անպայման պետք է ունենա անվտանգության գոտի, որպեսզի մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովված լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031