Այսօր ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը «Անդրադարձ» ակումբում հրավիրած ասուլիսում ուշագրավ տեսակետ հայտնեց բանակցային գործընթացի մասին:
Նա հայտարարեց. «Ես կողմնակից եմ, որ Արցախը կողմ հանդիսանա բանակցություններին, բայց շատ խորը վերլուծություններ պիտի արվի՝ դա ինչքան վնաս, ինչքան օգուտ է տվել ժամանակի ընթացքում: Բնականաբար, Արցախը կողմ պիտի լիներ, բայց երեխան էլ գիտի, որ դա Հայաստանն է: Այսօր էլ ուժեր կան, որ ասում են՝ այստեղ միայն ինքնուրույնության հարցը չի, սա մեր հողերն են պիտի միացնենք ՀՀ-ին: Ինչ եք ձեւերի հետեւից ընկել, սա մեր հողերն են, պիտի միացնենք Հայաստանին, պրծնենք, ստեղ ինքնորոշման հարց չկա»:
Մեր հարցին՝ այսինքն, Դուք կասկածո՞ւմ եք, որ Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների կողմ՝ նա պատասխանեց. «Ես չեմ կասկածում, բայց միջազգային հանրությունը կասկածում է: Գիտեք ինչ, ոչ մեկդ մեզնից շատ հայրենասեր չեք: Կարող եմ, նաեւ կասկածել, ինչ է՞ իրավունք չունե՞մ: Ես չեմ կասկածում, միջազգային հանրությունն է կասկածում»:
Ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ Ղարաբաղը բանակցային սեղանից ո՞վ դուրս թողեց՝ նա պատասխանեց, որ զինադադարից հետո ԼՂՀ-ն բանակցություններից հանելու քաղաքականություն է վարվել: Մեր դիտարկմանը, որ ՀՀՇ-ականներն ասում են, որ մինչեւ 97-ը դեռ ԼՂՀ-ի հետ հաշվի են նստել ու դուրս է մնացել Քոչարյանի ժամանակ՝ նա արձագանքեց. «Ես դա չեմ կապում Քոչարյանի հետ: Գնաց ստատուս քվոյի պահպանման իրավիճակը, մենք այդ ժամանակ չէինք ասում ազատագրված տարածքներ, ասում էինք՝ գրավյալ տարածքներ, հետո փոխվեց ազատագրվածի: Մենք ՀՀՇ-ի ժամանակ այդ 20 տոկոս տարածքի համար ասում էինք՝ սրանք գրավել ենք, որ պահպանենք Արցախի անվտանգությունը, հենց Արցախը դարձավ անկախ՝ իրենց տարածքները հետ կտանք: Ես թերթերը կհանեմ, մարդիկ, որ այսօր գոռում-գոչում են, իրենք ասել են՝ սա գրավյալ տարածքներ են: Հետո աստիճանաբար ավելի հայրենասիրական ուղղությունը գնաց, որ ազատագրել ենք, պիտի միացնենք ՀՀ-ին, ինչ զիջելու մասին է խոսքը: Իհարկե, Ղարաբաղը մերն է, բայց չպիտի բարձրաձայնենք, որ մերն է»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ ԼՂՀ-ն բանակցություններից դուրս չմնա՞ց նրա համար, որ Քոչարյանը համարեց, որ ինքը, լինելով ղարաբաղցի, եւ ԼՂՀ-ն կարող է ներկայացնել, ե՛ւ ՀՀ-ն՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Քոչարյանն արեց, թե ով արեց՝ արեցին ավելի հայրենասիրական նկրտումներից ելնելով: Այսինքն, նրանք համարեցին, որ սրանք մեր հողերն են, Հայաստանն է որոշողը, մենք բոլորս միասին Հայաստան ենք, Ղարաբաղը կողմ չի: Եվ իրականում, եթե վերցնենք, այդպես էլ կա: Ի՞նչ Ղարաբաղ, մեր մի շրջանն է, մենք սենց ենք համարում եւ սա է ճիշտը: Ղարաբաղը կողմ դարձնելը մենք Ղարաբաղին կարգավիճակ ենք տալիս, որ Ղարաբաղը կարող է վաղը չուզի էլ Հայաստանի հետ միանա, ՀՀ-ի հետ չուզի էլ հարաբերություններ ունենա: Ղարաբաղն է՝ կանգնեց ասեց՝ ես ուզում եմ Ադրբեջանի կազմում լինել: Ընդունեք մի հատ այսպիսի կոպիտ իրավիճակ: Ժամանակին Սովետական միության ժամանակ եղել է, քննարկվել է խնդիրը, Ղարաբաղի ժողովրդի անունից մարզկոմի քարտուղարն ասել է՝ մենք ուզում ենք Ադրբեջանի կազմում լինենք, համ մոտիկ ենք, համ իրենք ավելի հարուստ են: Եղել է այսպիսի իրավիճակ: Հանկարծ ու Ղարաբաղը հանրաքվե արեցին, կանգնեց, ասեց»:
Մեր դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասում է՝ անհնար է նման բան՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, անհնար է, ես չեմ ասում նման բան կլինի, բայց եթե լինի նա, ինքը իրավունք ունի նաեւ որոշելու: Նա, ով Ղարաբաղը դուրս է թողել, նա այս երկրի թշնամին չի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ