Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին՝ տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու համար». ՀՀԿ պատգամավորն արդարացնում է

Հուլիս 14,2016 18:30

Այսօր «Անդրադարձ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը խոսելով ԼՂՀ հարցի կարգավորման մասին, ասաց, որ այն դժվար թե արագ լուծում ստանա, ղարաբաղցիները չեն ապրի երբեք Ադրբեջանի կազմում, ինչքան էլ համոզեն, պարտադրեն:

Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ ՌԴ-ն իր շահերով է առաջնորդվում, բայց մեր ռազմավարական շահերը համընկնում են:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը հակադարձեց. «Ադրբեջանն ու ՌԴ-ն համատեղ շարունակելու են պատերազմը ՀՀ-ի դեմ: Սա հստակ է: Ռոգոզինի տեսակետը ՌԴ-ի տեսակետն է՝ ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ: Նրանք կողմ են խնդրի ռազմական լուծմանը: Անկախ նրանից՝ զենք կտան Ադրբեջանին, թե չեն տա, միայն հայտարարությունները, որ շարունակելու ենք զենք մատակարարել Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանը եւ ՌԴ-ն համատեղ շարունակելու են պատերազմը ՀՀ-ի դեմ:

Ինչո՞ւ Ռոգոզինը նման հայտարարություն արեց, ինչու Լավրովն ասեց՝ դա եղավ ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո: Երկու տարում, նախորդ գագաթաժողովից հետո ՌԴ-ն մտել էր Սիրիա, դարձել էր ավելի ագրեսիվ Ուկրաինայում, հրահրել էր ղարաբաղյան կոնֆլիկտը: ՌԴ-ն ցույց տվեց, որ ՌԴ-ի հետ խաղաղ համագործակցությունն անհնարին է: ՌԴ-ն ուզում է մի իրավիճակ, որտեղ իրեն պետք է թույլ տրվի գնալ շարունակական ագրեսիայի»:

Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ ռուսական զենքի վաճառքը չի նշանակում, որ ՌԴ-ն օգնում է Ադրբեջանին՝ ՀՀ-ի դեմ. «Ինքը զենք է վաճառում՝ տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու համար: Եկեք օբյեկտիվ լինենք: Ինքը զենք վաճառում է ՀՀ-ին էլ, Ադրբեջանին էլ»:

Աղասի Ենոքյանն էլ պատասխանեց. «Մեր տարածաշրջանում մեկին 3 խախտված է հավասարակշռությունը՝ հօգուտ Ադրբեջանի՝ հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ զորքերը միասին վերցրած: Բալանսի մասին խոսք չի կարող լինել, այն էապես խախտված է: Դա ՌԴ-ին պետք է, որ մենք խնդրենք Ռուսաստանին, որ բերեն իրենց զորքը կանգնեցնեն: Մենք 25 տարի խաղաղություն ենք ունեցել, 25 տարվա մեջ Ադրբեջանը զինել է իրեն մինչեւ ատամները, մենք ստեղծել ենք օլիգարխիկ պետություն: Ադրբեջանը իր հարաբերություններն է կառուցել բազմաթիվ երկրների հետ, մենք միայն խորացրել ենք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ»:

Աղասի Ենոքյանը զարմացած է՝ մի կողմից Սերժ Սարգսյանը արաբական հեռուսաալիքին ասում է՝ ԼՂՀ ժողովուրդը պետք է որոշի, Ղարաբաղը պետք է մասնակից լինի բանակցություններին: Զարմանալի էր, որ Վիեննայի հանդիպումից հետո այդ հարցը հայկական կողմը չի բարձրացրել ու որեւէ մեկնաբանություն չի տվել, թե ինչու չի արել: Էլի մենք ինչ-որ գաղտնի դիվանագիտության մեջ ենք ու չենք գնում ամենատրամաբանական ճանապարհով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031