Այսօր «Զանգակ» հրատարակչության կողմից կազմակերպված «Ամառային ընթերցանության» մանկապատանեկան ծրագրի շրջանակներում կայացավ Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը» գրքի շնորհանդեսը:
Ծրագրում ընդգրկված են նաև ժամանակակից հայ գրողներից Նաիրա էդիգարյանի «Իմ տատիկ Թամթիմարիան» և Սամսոն Ստեփանյանի «Ֆերդինանդ անունով թռչող վիշապը» ստեղծագործությունները:
«Զանգակ» հրատարակչության ծրագրերի համակարգող Մարիաննա Աճեմյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Մկրտիչ Արմենի այս ստեղծագործությունում ներկայացվում է ընթերցողին հայտնի իրական մի աշխարհ, բայց միևնույն ժամանակ լիովին այլ տեսանկյունից, այն, ինչ ծանոթ է ընթերցողին ներկայացվում է միանգամայն ուտոպիական ձևով. «Հեքիաթում որևէ երկիր չի ներկայացվում և գրքի իրադարձությունները տեղի են ունենում երևակայական Սպիտակ թագավորությունում: Գիրքը նաև քաղաքական համատեքստ ունի. նրանում ներկայացված Սպիտակ թագավորությունը Սովետական իշխանությունն է, իսկ Գույնզգույնը՝ արդեն անկախ հասարակությունը:
Թվում է, թե մենք չունենք հրաշապատում ժանրի ստեղծագործություն հայ գրականության մեջ, սակայն այս վեպի հրատարակումը կարևորվում է նրանով, որ գիրքը գալիս է լրացնելու հայ հրաշապատում վեպի առկա բացը: Ուշագրավ է, որ հայկական մանկապատանեկան շարքի առաջին այս գիրքը ոչ միայն պատանիների համար է, այլ նաև կարող է իր ընթերցողին գտնել մեծահասակների շրջանում: Գիրքը բավական բազմաշերտ է և պատանիների մոտ կարող է զարգացնել ազատության, առաջնորդելու գաղափարի մասին պատկերացումները»:
Կարդացեք նաև
Մարիաննան ավելացրեց, որ ծրագրում ընդգրկված են «Զանգակ» հրատարակչության վերջին ժամանակաշրջանում հրատարակած դասական ու ժամանակակից գրականության, համաշխարհային և հայ հեղինակների լավագույն ստեղծագործությունները: «Ծրագրի ընթացքում ունենում ենք տարբեր գրական հանդիպումներ. ուրախալի է, որ այսօր սոցիալական կայքերի և համացանցի առկայության պայմաններում մենք ունենք ընթերցող երեխաներ, որոնք ոգևորված կարդում են, հաճույքով մասնակցում քննարկումներին և շատ դեպքերում նույնիսկ իրենցից կարող ենք գրականագետի մակարդակի վերլուծություններ ստանալ»:
Գիրքը լույս է տեսել 500 տպաքանակով, որը ընթերցողը կարող է ձեռք բերել գրախանութներում: Մարիաննայի խոսքով, գրքի առանձնահատկություններից կարելի է համարել և այն, որ հերոսների անվանումները ներկայացված են հակառակ գրությամբ, օրինակ՝ ՏՐԱՊՆԱ գլխավոր հերոսի անունը ԱՆՊԱՐՏ բառի հակառակ արտաբերումն է և կարդալիս երեխաներին նաև մտածելու, գուշակելու հնարավորություն է տալիս: Գրքի նկարազարդումները Նաիրա Մուրադյանինն են:
Քննարկումից հետո երեխաները նկարեցին իրենց պատկերացրումների գույնզգույն թագավորությունը:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ