Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմը «խփել է» տուրիստական ընկերությունների գործին

Հուլիս 14,2016 16:53

Քառօրյա պատերազմն իր բացասական ազդեցությունն է թողել Հայաստան զբոսաշրջիկների հոսքի վրա:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ քառօրյա պատերազմի բացասական հետևանքներն ավելի շատ զգալի են եղել տարվա երկրորդ եռամսյակին. «Զբոսաշրջության աճ այս տարի արձանագրել չենք կարող: Ոլորտն այսօր գտնվում է դժվար վիճակում: Կարող եմ հստակ ասել, որ ոչ կազմակերպված տուրիզմի վրա քառօրյա պատերազմն ազդեցություն ունեցավ: Որոշ դեպքեր եղան, երբ նախապես պատվիրված այցելությունները չեղյալ հայտարարեցին: Օրինակ` մեկը մեզ նամակ էր գրել, թե ձեզ մոտ ֆորսմաժորային իրավիճակ է, և պատերազմի դեպքում դուք պարտավոր եք մեր գումարը վերադարձնել»:

«Արմենիա Թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Մարինե Կպրյանն իրենց ընկերության օրինակով հավաստիացրեց, որ քառօրյա պատերազմի օրերին տուրիստական խմբերը, որոնք ամրագրել էին Հայաստան այց, չեղյալ չեն հայտարարել:

Տիկին Կպրյանը պատմեց մի դեպք, երբ պատերազմից անմիջապես երկու օր հետո Անգլիայից խումբ էր եկել Հայաստան, ու պլանավորված էր այց Արցախ, ուստի չգիտեին` ինչպես վարվել խմբի հետ, հարց են տվել ղեկավարին` արդյոք ուզո՞ւմ են այցելել Արցախ, նրանք համաձայնել են, գնացել Արցախ ու բարեհաջող վերադարձել:

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե Հայաստանում հանգստի կազմակերպումը անհամեմատ թանկ է հարևան Թուրքիայի կամ Վրաստանի համեմատ` պարոն Հակոբյանը հակադարձեց. «Եթե մի ոլորտում մենաշնորհ չկա, հյուրանոցների առաջարկն ավելի մեծ է, քան պահանջարկը, այդ դեպքում գները չեն կարող բարձր լինել: Միգուցե այլ երկրում այդ նույն հյուրանոցն ավելի էժան է տարբեր գործոններով պայմանավորված, բայց դա ոչ մի կապ չունի մեր ներքին տնտեսության հետ»:

Դառնալով սոցփաթեթների հանման վերաբերյալ վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին`պարոն Հակոբյանը հիշեցրեց, որ ժամանակին իրենք զգուշացրել են հավանական չարաշահումների մասին. «Ի՞նչն էր խանգարում ուղիղ դիմել հյուրանոց և ոչ թե տուրիստական ընկերություն: Ճիշտ չէ, որ բնակչությունը տուժի, ինչ է թե ինչ-որ մեկն ինչ-որ մի տեղ չարաշահում է կատարել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031