«Աշխարհի խոշոր դերակատարներն իրենց շահերի համատեքստում հակամարտությունները փորձում են լուծել փաթեթային եղանակով. խոսքը Սիրիայի, Դոնբասի, նաեւ Ղարաբաղի մասին է»,-կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Հայացք» մամուլի ակումբում այսօր նա նշեց, որ Վարշավայում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովն էապես տարբերվում է նախկիններից եւ հաստատում նշյալ կարծիքը. «Վարշավայում ձեւավորվեց մեկ այլ ձեւաչափ` «Արեւելյան Եվրոպայի որոշ երկրների համախմբումը` ՆԱՏՕ-ի հովանու տակ», որը կարծես շարունակությունն է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու: ՆԱՏՕ-ն փորձում է իր արեւելյան ճակատը ակտիվացնել, դա արձագանք է գտնում նաեւ Հարավային Կովկասում»:
Ըստ Հարությունյանի` Վարշավայում «Լեռնային Ղարաբաղ» անունն արտասանվեց մեզ համար ոչ շահեկան խմբագրմամբ. «Առաջին պլան մղվեց սահմանների տարածքային ամբողջականությունը: ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաներ ասեցին, որ կանխատեսում են Ադրբեջանի սերտաճումը ՆԱՏՕ-ի կառույցների հետ, դա պատահական խոսք չէ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՀՀ նախագահը հստակ ասաց, որ պետք չէ խառնել ՆԱՏՕ-ի հավաքները Մինսկի գործընթացների հետ»:
Բանախոսը մեկնաբանեց նաեւ լիբանանյան հեռուստաընկերության եթերում ՀՀ նախագահի հարցազրույցում հնչած տեսակետն այն մասին, որ գերտերությունները կարող են ուժով լուծել Արցախի հարցը. «Չեմ հավատում, որ այդպես կլինի: Չեմ տեսնում այն գերտերություններին, որոնք կարող են ուժով լուծել Ղարաբաղի խնդիրը: Եթե լուծող էին, թող մինչ այդ լուծեին: Այդ խոսքն ուղերձ է այն մասին, որ գործընթացը գերտերությունների վերահսկողության տակ է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ