Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերից բացի, այսօր նախագահական նստավայրի դիմաց հերթական բողոքի ակցիան իրականացրեցին նաեւ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Նրանք պահանջում են, որպեսզի նախագահը լուծում տա իրենց խնդրին եւ միջամտի «Նաիրիտ»-ի վերագործարկմանը: Աշխատանքից ազատված նաիրիտցիները նշում էին, որ իրենց աշխատավարձերի պարտքը մի կերպ վճարել են` սխալ հաշվարկով. պահանջում են տոկոսները:
«Մեզ պարտադրեցին ստորագրել, որ տոկոսից հրաժարվում ենք, այլապես աշխատավարձի պարտքը չեն տա: Այդ տոկոսներն աշխատավարձից շատ են: Այնպես են անում, որ թոշակի երես էլ չտեսնենք: Կառավարությունը բոլոր գործատուներին հրահանգ է տվել աշխատանքի վերցնել 30-35 տարեկաններին: Մանավանդ անաշխատունակ թոշակառուները կառավարության վզին ծանր բեռ են: Ինչքան շուտ ազատվեն բեռից, այնքան իրենց օգուտն է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Նորիկ Ղահրամանյանը, որը 1976թ.-ից մինչեւ գործազուրկ դառնալն աշխատել է գործարանի կաուչուկի արտադրությունում:
Կարդացեք նաև
Նա նշեց, որ նաիրիտցիները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր գործարանը վերածել են պահեստի ու թալանել, նաեւ վերագործարկել «Նաիրիտը», որպեսզի իրենք կրկին աշխատանք ունենան. «Բողոքել ենք դատախազությանը, ասացին, որ հանցավոր բան չեն տեսնում: Ինչպե՞ս կարող էին գործարանը թալանել, իսկ մեզ շան ձագի պես գցել փողոց: Մենք էլ ինքնասիրություն ունենք, տուն-տեղ, ընտանիք ենք պահում: Ինչո՞վ պահենք, 42 հազարո՞վ»,-ասաց Նորիկ Ղահրամանյանը:
Վերջում նա հիշեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին. «Էն ժամանակ նա մեր կողմն էր, իսկ հիմա դարձել է արծիվ` թռչունների թագավոր, եւ կտցահարում է մեզ, թե մեր պայքարը սխալ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ