Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կուզեի, որ ԼՂՀ հարցը դեռեւս լուծում չստանար եւ ստատուս քվոն պահպանվեր». Լյուդմիլա Սարգսյանը վտանգ է տեսնում (Տեսանյութ)

Հուլիս 14,2016 16:19

«Ադրբեջանական կողմը կարծես գոհ է վերջին շրջանի շփումներից, բանակցությունների արդյունքները համարում են իրենց համար նպաստավոր: Ես հակված չեմ մտածելու, որ դա  միայն ռուսական եւ ադրբեջանական կողմի համաձայնությամբ կարող է տեղի ունենալ, եթե կա նման համաձայնություն: Ինձ մոտ կա տպավորություն, որ ԱՄՆ-ն նույնպես այդ տրամադրությունների մեջ է»,- այսօր «Անդրադարձ» ակումբում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա մեկնաբանությամբ՝ «Սովորաբար ո՞ւմ են փորձում զիջումներ պարտադրել՝ ով թույլ է: Ադրբեջանն ունի ֆինանսական մեծ հնարավորություններ: Ադրբեջանում եւ ՌԴ-ն, ե՛վ ԱՄՆ-ն, Եվրոպան, ունեն կոնկրետ նավթային, գազային շահեր: Հայաստանը, ունենալով գիտական, մարդկային մեծ ներուժ, այսօր շատ ծանր իրավիճակի մեջ է հայտնված՝ փակ սահմաններ, ղարաբաղյան հակամարտություն, մեզ փորձելու են ճնշել: Ինձ համար դա տեսանելի է: Ես կուզեի, որ այս խնդիրը դեռեւս լուծում չստանար եւ ստատուս քվոն պահպանվեր, որը կարծես թե հակված են փոխելու ե՛ւ ադրբեջանական կողմը, ե՛ւ եռանախագահող երկրները: Եթե ստատուս քվոն պահպանվեր եւ մենք ունենայինք ավելի ուժեղ իշխանություններ, մենք դրանից հետո միգուցե տնտեսապես ու քաղաքականապես ավելի ազդեցիկ դառնայինք ու կարողանայինք ի նպաստ Արցախի խնդիրները կարգավորել: Կարծում եմ, ինչ-որ պահի Ադրբեջանը համաձայնության չի գա: Չեն կարող Ղարաբաղին պարտադրել միակողմանի զիջումներ, դա անհնար է: Կփորձեն, բայց չեն կարող»:

Մենք ճշտեցինք՝ կփորձեն տարածքնե՞ր հանձնել՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, կփորձեն պարտադրել, բայց այդ գործում չեն հաջողի: Հնարավոր չէ մի ազգի պարտադրել ստրկություն, որից նա դուրս է եկել: Դա հնարավոր բան չի»:

Նա ասաց՝ կարելի է ՌԴ-ին շատ բաներում մեղադրել, բայց մի բան հստակ է՝ ՌԴ-ն շատ լավ գիտի, որ Ադրբեջանն իր համար վստահելի գործընկեր չի եւ եթե ինչ-որ խաղեր էլ հիմա ընթանում են իրենց հարաբերությունների մեջ, ապա ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն էլ պիտի հասկանան, որ հայկական շահերը ոտնահարել չի կարելի: Եթե կա մի վստահելի քրիստոնյա երկիր, դա Հայաստանն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Zaven says:

    Էլի էն հին երգը սկսվեց։ Կրոնը քաղաքական կատեգորիա չէ։ Քրիստոնյա Բյուզանդիան չէ՞ր, որ վերացրեց Բագրատունյաց դինաաստիան։ Իսկ ո՞վ ասաց, որ ռուսները չեն հասկանում դա։ Հենց ամբողջ հարցը նա է, որ արդեն քանի հարյուրամյակ է, որ մեր որոշ գործիչներ փորձում են ռուսներին կամ այլ ազգերին բացատրել այն, ինչը նրանք հիանալի գիտեն։ Արդյունքում մենք դառնում ենք ծաղր ու ծանակի առարկա ու հետո նեղանում, թե մեզ ոչ ոք չի սիրում։ Կույր պետք է լինել, չնկատելու համար, թե վերջին հարյուրամյակներում ինչ անխախտ ռուս-թյուրքական դաշինք է ձեվավորվել։ Սա բնավ ատելությամբ չեմ նշում։ Պարզապես այդ դաշինքը երկկողմանի շահավետ է։
    Ո՞վ ասաց, որ Ադրբեջանը Ռուսաստանի վստահելի գործընկերը չէ։ Ինչպե՞ս եք չափել այդ վստահության աստիճանը։

  2. Zaven says:

    Իսրայել Օրիից մինչեվ հիմա մեր քաղաքական միտքը զբաղված է նույն գործով՝ անգլիացիներին փորձում են սովորեցնել, թե ինչպես վիսկին պետք է խմել, ռուսներին՝ օղին, գերմանացիներին՝ գարեջուրը և այլն։ Մի փոքր առավել ուսյալներն էլ այդ ՛դասընթացների ՛ ժամանակ, ՛ձեռքի հետ՛ ասում են, որ մենք առաջին Քրիստոնյա ազգն ենք, մենք չենք սիրում մուսուլմաններին, մենք համեղ կոնյակ ունենք, մենք, մենք, մենք․․․․ Միայն Աստծուն է հայտնի, թե երբ ենք լրջանալու

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031