Լրահոս
Օրվա լրահոսը

«Սխալ թույլ տված դատավորը չի կարող գործ ունենալ դատավորի բարձր պաշտոնի հետ». փաստաբան

Հուլիս 14,2016 15:55

Վերջին 3 տարում 30 մահվան դեպք է տեղի ունեցել ընտանեկան բռնության հետեւանքով: Այս տարվա 5-րդ դաժան սպանությունը տեղի է ունեցել օրերս` Վլադիկ Մարտիրոսյանի կողմից: Վերջինիս կացնի բազմաթիվ հարվածներից մահացել է նրա նախկին զոքանչ Կարինե Մանսուրյանը, իսկ նրա նախկին կին` Թագուհի Մանսուրյանը եւ նախկին աներ` Վաչագան Մանսուրյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը այս դեպքի առնչությամբ ասաց, որ հիմնականում դատաիրավական համակարգի սխալները հանգեցնում են մի իրավիճակի, որ բռնությունը կրկնվում է եւ ավելի դաժան հետեւանքներով. «Մենք տեսնում ենք տարօրինակ դատավճիռներ. Դիանա Նահապետյանի դատավճիռը, երբ ամուսինը 21 դանակի հարվածով սպանել էր կնոջը, այն էլ 2 անչափահաս աղջիկների աչքի առջեւ` դատապարտվեց ընդամենը 3,5 տարվա ազատազրկման»: Նա նշեց նաեւ, որ դատավարության երկար ձգձգված լինելու պատճառով էլ սպանություն իրականացնողին մնացել էր կես տարվա ազատազրկում:

Զառա Հովհաննիսյանը նշեց, որ տեղի է ունենում մատների արանքով մոտեցում` զուտ կանանց սպանությունների դեպքերով, դիտարկելով, որ կինը հիմնականում մեղավոր է` դրդել է տղամարդուն նմանատիպ գործողությունների:

«Երեկ գնացինք Կարինե Մանսուրյանի բնակարանի մոտ մոմավառության` հարեւանները այսպես էին ասում` դրդել է, դրա համար սպանել է: Տարօրինակ է, որ ոստիկանությունն է նույն կարծիքը հայտնում` ասելով, որ 8 անգամ մենք պատրաստել ենք նյութեր` ընտանիքի անհաշտության վերաբերյալ: Երբ հետաքրքրվում ես, թե ինչպիսի նյութեր են եղել` տեսնում ես, որ 4-ը՝ ոտնձգություն տղամարդու կողմից, 2 անգամ Վլադիկն է զանգահարել ոստիկանություն, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, բայց, երբ որ դիտարկում ես այդ նյութերը` տեսնում ես, որ տեղի է ունեցել ինքնապաշտպանություն: Երբեւէ կանանց ինքնապաշտպանությունը չի որակվում որպես այդպիսին»,-ասաց Զառա Հովհաննիսյանը:

Նա նշեց նաեւ, որ ընդամենը մի քանի ամիս առաջ «Կիսաբաց լուսամուտներ»-ով թողարկվում է մի հաղորդում, որտեղ Վլադիկ Մարտիրոսյանը հայտնվում է այնտեղ եւ միակողմանիորեն մեղադրում կնոջը` ասելով, որ երեխային տեսակցության իրավունքից զրկել են. «Այնինչ, այս ընտանիքի ամբողջ նախապատմությունը, որ դիտարկում ես` տեսնում ես, որ ոչ թե իրավունքից զրկել է, այլ՝ բռնարարից հեռու մնալու փորձեր»:

Ըստ Զառա Հովհաննիսյանի, կլինեն «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման նկատմամբ կոնկրետ ակցիաներ, որի զոհերի հետ շարունակաբար առնչվում են. «Երբ մարդու անձնական կյանքը շոու ես դարձնում` չդիտարկելով ողջ խորությունը` անպայման լինում են տուժողներ եւ մենք աշխատում ենք նրանց հետ ե’ւ հոգեբանական, ե’ւ նաեւ իրավական խնդիրների շուրջ»:

Ինչ վերաբերում է օրենսդրական համակարգին, Զառա Հովհաննիսյանը նշեց, որ մենք տեսնում ենք ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի չվավերացման երկարատեւ պրոցեդուրա, որի արդյունքում ունենք անպաշտպան հասարակություն, անպաշտպան կանայք եւ որքան էլ ասենք, որ ընտանեկան բռնության զոհերը միայն կանայք չեն, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ 80-90 տոկոս բռնության զոհ են կանայք, հետո երեխաները եւ վերջում` տղամարդիկ:

«Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ նշեց, որ Վլադիկ Մարտիրոսյանի նկատմամբ նախկինում դատական որոշումները որակում են ակնհայտ եւ շատ կոպիտ դատական սխալ, նյութական նորմի խախտում: «Այս դեպքում նման սխալ թույլ տված դատավորը չի կարող գործ ունենալ դատավորի բարձր պաշտոնի հետ եւ պետք է դադարեցվի լիազորությունները: Այդ կապակցությամբ մեր կազմակերպության իրավաբանները դիմում են նախապատրաստում, որպեսզի դիմենք արդարադատության նախարարին եւ ինչպես նաեւ դատարանների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավոր Նելլի Բաղդասարյանի եւ Վերաքննիչ դատարանի 3 դատավորների` Մանուշակ Պետրոսյանի, Արշակ խաչատրյանի եւ Սեւակ Համբարձումյանի նկատմամբ, քանի որ հիշյալ դատավորները թույլ են տվել կոպիտ անփութությամբ նյութական իրավունքի ակնհայտ եւ կոպիտ խախտում, ապա պետք է արդարադատության խորհուրդը դիմի հանրապետության նախագահին` պահանջելով դադարեցնել այդ դատավորների լիազորությունները:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031