Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երեխաներին սպանողները սովորական զինվորներ չեն, այլ հրամանատարներ են». սեւազգեստ մայրը` նախագահականի դիմաց (Տեսանյութ)

Հուլիս 14,2016 15:50

«Ինչպես միշտ, իմ ճանապարհը փակեցին, թե ուր եմ գնում եւ ինչի համար` ոչ մեկը չի հարցնում: Ասում են` «տիկին Գոհար, թույլ չենք կարող տալ»…ինչի՞ համար…ասում են` «մենք ձեր երեխայի գործը գիտենք», բայց ի՞նչ գիտեն: 9 տարի իմ ճանապարհը փակում են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նախագահական նստավայրի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող որդեկորույս մայրերից Գոհար Սարգսյանը (Կարճաղբյուրի զորամասում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը):

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

Այսօր հերթական անգամ որդեկորույս մայրերին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին: «9 տարի ես բողոքում եմ ու դեռ չգիտեմ որդուս մահվան պատճառը, ես ո՞նց գնամ տունը նստեմ: Ամոթ է, որ հանրապետության նախագահը չի կարողանում ընդունել 5 ծնողի եւ ասի` «տիկին, ինչո՞ւ եք Դուք ամեն օր հայտնվում փողոցում կամ Ձեր խնդիրը ո՞րն է»: Հասկանում եմ` նա շատ լավ գիտի մեր խնդիրը, որովհետեւ այս տարիներին իրավասու մարմինները նրան զեկուցել են այդ մասին»,-դժգոհեց Գոհար Սարգսյանը:

Նա ասաց, որ հինգ տարի առաջ նախագահը դարպասներից այն կողմ իրենց խոստացավ, որ նոր զինվորական դատախազն իրավական գնահատական կտա նրանց որդիների քրեական գործերին, բայց մինչ օրս արդյունքը չեն տեսնում. «Հինգ տարի նախագահի` գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը փուչիկ է: Թող գոնե դուրս գա ասի, որ իրավապահներն արել են իրենց գործը, իսկ ես այլեւս անելիք չունեմ Բաղրամյան 26-ում կամ փողոցում»:

DCIM106MEDIA

Գոհար Սարգսյանը նշեց, որ նախորդ բողոքի ժամանակ ոստիկանին հարցրել է` եթե սեւ հագուստով չգա, էլի թույլ չե՞ն տալու առաջանալ. «Ասաց` տիկին Գոհար, Ձեզ ճանաչում են, Ձեր ստվերն էլ եթե այս կողմերում երեւաց, թույլ չեն տալու…: Նախագահն ինձ ասելիք ունի` խաղաղ պայմաններում որդուս սպանել են, բայց ոչ ոք պատասխան չի տվել դրա համար: Իմ երեխային գտել են Հայկազ Բաղմանյանի թիկնապահների սենյակի պատուհանի տակ` սպանված եւ խոշտանգված վիճակում»:

DCIM106MEDIA

Ստեփանակերտի զորամասերից մեկում 2010թ. մահացած Վալերիկ Մուրադյանի մայրը` Նանա Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նախագահը տեղյակ է ամեն ինչից, սակայն նրան ձեռնտու չէ սեւազգեստ մայրերի որդիների սպանությունների բացահայտումը. «Մեր երեխաներին սպանողները սովորական զինվորներ չեն, այլ հրամանատարներ են, որոնք պահում ու պահպանում են Սերժ Սարգսյանի աթոռը: Ընտրությունների ժամանակ նրանց նման հրամանատարներն են, որ զինվորների ձայներ են հավաքում: Սերժ Սարգսյանը Ղարաբաղի սահմաններին մսաղացի բերան է տալիս մեր զինվորներին: Ապրիլին բոլորը գիտեին, որ հողերը նախօրոք ստորագրված-տված էին, իսկ մեր զինվորները նրանց աթոռները պահեցին, նրանք իրենց գրպաններն են հաստացնում` զինվորների արյան հաշվին»:

DCIM106MEDIA

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031