Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդը ինչի՞ հանձնեցիք ՌԴ-ին». Ազատ Արշակյանը՝ Լյուդմիլա Սարգսյանին (Տեսանյութ)

Հուլիս 14,2016 15:35

«Մենք պիտի գիտակցենք, որ ՌԴ-ն տասնամյակներ շարունակ մեր տարածաշրջանում մեծ ազդեցություն ունի, ԱՄՆ-ն փորձում է չեզոքացնել այդ ազդեցությունը եւ իր ազդեցությունը մեծացնել: Ես տեսնում եմ իրավիճակը ու հասկանում եմ, թե ինչ նպատակներ է հետապնդում 102-րդ ռազմաբազան, որը տեղակայված է մեր սահմանի վրա»,- այսօր «Անդրադարձ» ակումբում, խոսելով ռուս-հայկական բարեկամության մասին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վրա բերեց՝ «դա օկուպացիոն բազա է»: Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց. «Լավ, հանեք էդ բազան, թող ամերիկյան զորքերը գան, մեզ պաշտպանեն Թուրքիայից: Ինչքանո՞վ է ՆԱՏՕ-ն շահագրգիռ: Ասելը հեշտ է: Ես ինձ ապահով եմ զգում, որ հայ-թուրքական սահմանն այսպես պաշտպանվում է»:

Ազատ Արշակյանը հարցրեց՝ Պերմյակովի զոհը կուզեի՞ք լինել, մի հատ Ավետիսյաններին հարցրեք՝ ապահո՞վ են իրենց զգում:

Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ հայերի ձեռքից էլ ապահով չէ. «Մոռանո՞ւմ եք Ջավախքում նույն հայը ոնց վերացրեց մի ամբողջ ընտանիքի: Բոլոր ազգերում էլ շեղումներ կան, ուռոդներ կան: Մենք դաշնակից չունենք, եթե համարում եք, որ ԱՄՆ-ն մեր դաշնակիցն է, ուրեմն հաճելի միամտության մեջ եք: Ոչ ՌԴ-ն է մեզ բարեկամ, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրոպան: Բոլորն ունեն իրենց կոնկրետ շահերը: Եթե գտնում եք, որ ՌԴ-ն այստեղից դուրս գա, ԱՄՆ-ն մեծացնի իր ազդեցությունը, ես գտնում եմ, որ դա ճիշտ չի: Ամերիկան շատ հեռու է, ՌԴ-ն շատ մոտ է: Այո, հոգեբանորեն ազդում է մեզ վրա, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց Ռուսաստանից չգնեն, ուրիշից գնեն, չի՞ կրակելու մեզ վրա: Իրավունքը ուժն է  պարտադրում: Երբ կունենաք այնքան ուժ, որ կպարտադրեք, որ ՌԴ-ն չվաճառի այդ զենքը, ես ձեր կողքին կկանգնեմ: Մենք մշտապես բարեկամներ ենք փնտրում, ընկերներ, բարեկամներ չկա՛ն: Երբ թույլ ես, բարեկամ ակնկալելու իրավունք չունես»:

Ըստ Ազատ Արշակյանի, Արեւմուտքի խորհրդանիշը Հռոմի պապն է: Լյուդմիլա Սարգսյանը վիճեց՝ Արեւմուտքինը չի, ամբողջ կաթոլիկ աշխարհինն է, խառնում եք:

Ազատ Արշակյանը մեղադրեց հակաօդային պաշտպանության պայմանագրին կողմ քվեարկած պատգամավորներին. «Օդը ինչի՞ հանձնեցիք»: Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, որ ինքն էլ է կողմ քվեարկել, բայց օրենքը ծայրից ծայր կարդացել է ու գտնում է, որ ճիշտ է արել:

Ազատ Արշակյանն էլ պնդեց. «Դուք կարծիք չունեք, ձեզ ասել են քվեարկեք՝ քվեարկել եք»:

«Բարեւ ձեզ, ինձ որեւէ մեկը չի կարող ասել ինչպես քվեարկեմ: Դուք խեղաթյուրում եք իրականությունը»,- պատասխանեց Լյուդմիլա Սարգսյանը:

Լյուդմիլա Սարգսյանը Ազատ Արշակյանին խորհուրդ տվեց իր բողոքն այսպես արտահայտել. «Թուղթը վերցրեք, գնացեք ԱԺ, ինչքան պատգամավոր կա գլխատեք»:

Ազատ Արշակյանը խորհուրդը չընդունեց. «Չէ մի, թռուցիկներ բաժանեմ, գնամ Ազգային ժողովի դեմը պլակա՞տ պահեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031