«Մենք ռուսական զենքի՝ Ադրբեջանին վաճառելու վրա ազդելու ունակ չենք: Դա մեծ քաղաքականություն է, մեծ բիզնես շահեր են: Մենք գործ ունենք գերտերության հետ, որն ունի իր կոնկրետ շահերը տարածաշրջանում եւ բավարարված չէ միայն ՀՀ-ի հետ բարեկամությամբ: Միանշանակ է, որ ՌԴ-ն Ադրբեջանում շահերը եւ շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, որը կրակելու է հայկական ուղղությամբ»,- այսօր «Անդրադարձ» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիա Սարգսյանը:
Ըստ նրա, «Մի բանի վրա որ չես կարող ազդել, պետք չի այդ ուղղությամբ շատ մտածել, պետք է մտածել ինչ անել, որ այդ ազդեցությունը թուլացնենք: Հայաստանը մեծ մարդկային, գիտական ներուժ ունի, կարող է արտադրել եւ չեզոքացնել շատ զենքեր, որոնք կիրառվելու են ՀՀ-ի դեմ: Դա երկարաժամկետ ծրագիր է, բայց ԼՂՀ հակամարտությունն էլ չեմ կարծում, որ արագ լուծվելու է»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքերով՝ մենք թերագնահատում ենք մեր կարողությունները. «Մենք մեր մասին ունենք ճիշտ այն կարծիքը, ինչ հակառակորդները, մեզ պարտադրել ու սովորեցրել են, թե մենք ի վիճակի չենք ինքնուրույն վճիռներ կայացնել»:
Ըստ Ազատ Արշակյանի, հիմա ՀԱՊԿ-ի շահերը չեն համընկնում մեր շահերի հետ. «Ռուսաստանը ՀՀ-ն համարում է թերարժեք պետություն ու հետ է վերադարձել 21 թվականի դաշինքին: ՌԴ-ն ու Թուրքիան վերադառնում են իրենց հին կարգավիճակին, որտեղ ՀՀ ժողովուրդը ինքնիշխանության իրավունք չունի: Մեզ արգելված է էժան գազ ունենալ, մեզ չեն թողնում, չի թողնում մեր հարեւանը: Ռուսական իմպերիան որեւէ մեկին բարեկամ չի կարող լինել: ՌԴ-ն չունի դաշնակից, մենք նրա դաշնակիցը չենք, իսկ զենք-զինամթերք է մատակարարում մեր հակառակորդին, նրանից է, որ 21 թվ-ի պայմանագրով պարտավորություններ ունի, պաշտպանում է Ադրբեջանի՝ իր գծած սահմանների անձեռնմխելիությունը: Նա սիրում է, որ իր հացը արյունով է թաթախված: Նա իր հացը պիտի թաթախի հայկական արյունի մեջ, մեր զինվորի արյունով: Բիզնեսը, որը զենքի հետ է կապված, արյունոտ բիզնես է: Մեր թշնամուն զենք վաճառելով, ինքը մեր զինվորի արյան մեջ է թաթախում իր հացը»:
Կարդացեք նաև
«Պարոն Արշակյան, դուք արդեն ատելություն եք քարոզում: Ի տարբերություն ձեզ, ես չեմ ատում արեւմուտքը, ԱՄՆ-ն, բայց ոչ նրա համար, որ հիացած եմ նրա քաղաքականությամբ,
այլ հասկանում եմ, թե ամեն գերտերություն իր շահերն ունի»,- հակադարձեց Լյուդմիլա Սարգսյանը:
Ազատ Արշակյանն էլ արձագանքեց. «Իսկ ո՞վ ասեց ես ատում եմ: Իմ վրա կրակում են: Իմ մեջ հիմա ռուսական զենքի ասկոլկա կա»:
Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց. «Ոչինչ, պահեք, պետք կգա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կասկածելի է այն թեզը, որ հայերը ազդելու լծակներ չունեն այդ հայտառակ գործարքի դեմ։ Բայց, եթե նույնիսկ ընդունենք, որ լծակներ չունեք, ինքնասիրություն էլ չունե՞ք։ Արդեն նոր տենդենց է ի հայտ եկել մեր քաղաքական մտքի ՛գիգանտների՛ շրջանում՝ զոհի կերպարանքով լացել, թե տեսեք, մենք լավն ենք, բայց տեսեք, էտ բոբո ձյաձյա գերտերություններն իրենց շահերի համար մեզ զոհում են։ Բոլոր ազգերն էլ իրենց պատմության ընթացքում բախվել են մի իրավիճակի, երբ հարկ է եղել թեկուզ և հուսահատությունից գոնե մեկ անգամ մի լավ հայհոյել ու նախապատրաստվել վճռական ճակատամարտին։ Կարծեմ ռուսներն ունեն մի իմաստուն ասացվածք ՛Մինչեվ ամպը չի որոտում, մուժիկը չի խաչականքվում՛
Ատելությունը ավերիչ ուժ է, հետևաբար, պետք չէ որեվէ մեկին ատել։ Ընդամենը պետք է հարգել սեփական անձը, որպեսզի օտարներն էլ նույն կերպ վարվեն։ Նույն Ռուսաստանում էլ շատ շատ են պարկեշտ ու աստվածաված մարդիկ՝ բանվոր, գործարար, գիտնական կամ պաշտոնյա։ Բայց նրանց ի՞նչ մեղքն է, որ մենք ինքներս չենք կարողանում կամ չենք ցանկանում հանգամանալից կերպով ներկայացնել մեզ։