Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Ձեր սեւ շորերի համար Ձեր առաջ գլուխ ենք խոնարհում»,-ասաց ոստիկանը որդեկորույս մորը (Տեսանյութ)

Հուլիս 14,2016 14:16

Նախագահական նստավայրի դիմաց այսօր հերթական անգամ բողոքի ակցիա էին անում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը: Ոստիկանները նրանց կրկին թույլ չտվեցին մոտենալ նախագահական նստավայրի դարպասներին:

«2010թ. դեկտեմբերի 14-ին խոսել եմ տղայիս հետ, ասեց, որ ամեն ինչ լավ է, բայց հրամանատարը հրաման է տվել թուրքերի հետ թմրանյութի առք ու վաճառք անենք: Ես պատասխանատու եմ ասածներիս համար: Ասացի` Արթուր ջան, տենց բան չանես, ասեց` դե որ հրաման է տալիս…Դա եղավ մեր վերջին խոսակցությունը: Դեկտեմբերի 17-ին իմ տղու դիակը բերել են Մուրացանի հոսպիտալ»,-Aravot.am-ի հետ զրույցում պատմեց 2010թ. Հադրութում մահացած հետախույզ Արթուր Ղազարյանի մայրը: Նա պնդում է, որ իր որդուն սպանել է նրա հրամանատարը, որի «թիկունքը» ՀՀ նախագահն է, իսկ գործը կոծկել են:

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

DCIM106MEDIA

Նախագահական նստավայրի մայթեզրին այսօր նրան դիմավորել են մի քանի ոստիկաններ եւ թույլ չեն տվել առաջ գնալ: «Ինչի՞ համար, որ ես սեւ շորերո՞վ եմ: Ասեցին, որ իրավունք չունեմ իջնելու: Էս «սեւն» ինձ Աստված չի տվել, Աստված ինձ տղա է տվել, բայց էս «սեւն» ինձ հագցրել է Սերժ Սարգսյանը, քննչականը…»,-վրդովված ասաց նա:

Տիկին Իրինան Բաղրամյան 26-ի հակառակ մայթեզրից հետիոտային անցումով առաջացավ դեպի նախագահական նստավայրի մայթեզր, երկու ոստիկաններն անգամ այդ դեպքում ուղեկցեցին նրան, ապա «պատ» կազմեցին նախագահականի դարպասներից քիչ վերեւ, որտեղ կանգնած էին նաեւ մյուս որդեկորույս մայրերը:

Ի դեպ, մայրերը դժգոհում էին, որ ոստիկանները պատահական քաղաքացիներին թույլատրում էին անցնել, իսկ իրենց` ոչ: Ընդ որում, մինչեւ փողոցը հատելը ոստիկաններից մեկը Իրինա Ղազարյանին ասաց, որ նրան էլ է թույլատրվում, ինչպես բոլոր քաղաքացիներին:

«Չեք թողնում, որովետեւ ես սեւ շորերով եմ, իսկ մյուսները` կարմիր, կապույտ…ժամանակին ես էլ եմ ունեցել այդպիսի շորեր` մինչեւ 2010թ. դեկտեմբերի 17-ը»,-դիմելով ոստիկանին` նշեց  Իրինա Ղազարյանը:

«Մենք Ձեր սեւ շորերի համար Ձեր առաջ գլուխ ենք խոնարհում»,-պատասխանեց ոստիկանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031