Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկավոր է մերժել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման հայտը

Հուլիս 14,2016 14:02

ԷկոԼուրը միանում է Վերնաշեն և Գլաձոր համայնքների բնակիչներին, ովքեր պահանջում են մերժել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման հայտը, որը ՀՀ բնապահպանության նախարարությունում փորձաքննություն է անցնում: ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված ԷկոԼուրի դիմումում ասված է.

«Սույն թվականի մայիսի 23-ին և հունիսի 28-ին` Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում անցկացվեցին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Վերջին լսումների ժամանակ Գլաձորի համայնքապետ Անդրանիկ Մարտիրոսյանի անցկացրած քվեարկության արդյունքում քննարկման մասնակիցների մեծ մասը դեմ արտահայտվեց հանքի շահագործմանը:

Ավելի վաղ Վերնաշեն համայնքը նամակով դեմ է արտահայտվել Գլաձորի հանքավայրի շահագործմանը՝ մասնավորապես նշելով, որ. «…Հանքավայրի շահագործման դեպքում «Բայլիգ» կոչվող հանդամասում կաղտոտվի ոռոգման ջուրը, որի հետեւանքով կչորանան խաղողի եւ պտղատու այգիները»:

Ուսումնասիրելով «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայտը՝ ԷկոԼուրը միանում է երկու համայնքների՝ հանքը չշահագործելու պահանջին:

Գլաձորի հանքաքարում առկա մետաղները և տարրերը լուրջ ռիսկեր են պարունակում հանքի շահագործման փուլում շրջակա միջավայրի և մարդու առողջության համար, ինչի մասին հայտում նշված չէ:

Ըստ «Լեռնահանքային եւ մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում» գիտական աշխատության (Երեւան 2011թ., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտ, հեղինակ՝ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյան)՝ Գլաձորի հանքաքարը պարունակում է մեծ քանակությամբ ծծումբ՝ 573264 տոննա, կադմիում՝ 1464 տոննա, կանխատեսումների կատեգորիայում նշված է նաև ծծումբ 2118116տ, բիսմուտ՝ 2983 տ, տելլուր՝ 14460տ, թալիումը՝ 17տ:

Այստեղ նշենք միայն ծծումբը, որը կուտակման դեպքում կարող է առաջացնել թունավոր գազեր: Այն հանքաքարի արդյունահանման ընթացքում կարող է ինքնայրվել, ինչ մասին հայտում ընդհանրապես նշված չէ, և չկա անվտանգության միջոցառումների նկարագրություն:

Գնահատված չէ բաց հանքերի ազդեցությունը ջրային ռեսուրսների վրա, որոնք ազդակիր Վերնաշեն համայնքի խմելու և ոռոգման ջրի միակ աղբյուրներն են: Անտեսվել է նաև Վերնաշեն համայնքին պատճառվող տնտեսական վնասը հանքի շահագործման դեպքում:

Բնակիչներն անհանգստացած են ռադիացիոն ռիսկերով:

Մեր կողմից նշենք, որ կան գիտական աշխատություններ ցրված ռադիոակտիվ տարրերի մասին: Գ. Պ. Ալոյանի «Горный журнал» գիտական հանդեսի N 6, 2007թ. “Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения” հոդվածում նշվում են Վայոց ձորի ուրանային երևակումները, այդ թվում՝ Վերնաշենի և Վայքի ուրանային երևակումները:

Առանց ուրանային պաշարների մասնագիտացված ուսումնասիրությունների, որոնց համար պետությունը պետք է հատուկ թույլտվություն տա, ոչ ոք իրավունք չունի տալ գնահատական՝ կա այնտեղ ռադիոակտիվ տարրերի հանքերևակում, թե՝ ոչ: Իսկ Միջուկային անվտանգության պետական կոմիտեի կողմից տվյալները ռադիացիոն ֆոնի մասին ոչ մի կապ չունեն ուրանի պաշարների առկայության հետ:

Հաշվի առնելով, որ Գլաձորի հանքավայրի շահագործման հայտը չի արտացոլում այն պահանջները, որոնք անհրաժեշտ են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար և ռիսկերի կանխարգելման կամ նվազեցման համար, խնդրում ենք մերժել այս հայտը»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031