Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկապե՞ս այդ «Համախմբում» կուսակցությունն է պղտորում ջրերը. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 14,2016 13:18

Շատ չխորանանք, թե չէ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեզ էլ կմեղադրի քոչարյանամետության մեջ։ Այո, երեկ նա հայտարարեց, թե հատկապես որ շրջանակների վերլուծաբաններն են հոռետես Արցախի հարցի բանակցություններում հայկական կողմի դիրքերի վերաբերյալ. «Այդ վերլուծաբանների կարծիքները ուղիղ ասոցացնում եմ «Համախմբում» կուսակցության հետ», հայտարարել է Աշոտյանը։

Համենայնդեպս, որոշեցինք ստուգել, իսկապե՞ս այդ «Համախմբում» կուսակցությունն է պղտորում ջրերը՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բացասական կարծիքներ հայտնելով։

Օրինակ, լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանին դժվար է ասոցացնել «Համախմբում» կուսակցության հետ, եթե իհարկե, այս վերջին երկու-երեք օրերին չի հասցրել գաղտնի անդամակցել կուսակցությանը։

Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասել է, որ այսօր բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը, որը պայմանականորեն կարելի է անվանել «ռուսական պլան» կամ «Լավրովի պլան», շատ ավելի վատն է, քան Մադրիդյան եւ Կազանյան կոչված փաստաթղթերը, քանի որ նոր փաստաթղթում Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հարցը մղվել է հետին պլան. «Լեռնային Ղարաբաղին առաջարկում են միջանկյալ կարգավիճակ, որը հնարավոր է՝ շատ մոտ է անկախության կարգավիճակին, բայց ցածր է անկախությունից։ Բայց, իհարկե, շատ ավելի վերեւ է, քան ինքնավարությունը։ Եվ դրա դիմաց Լեռնային Ղարաբաղին առաջարկում են, որ իր ուժերը դուրս բերի առնվազն հինգ շրջաններից։ Ինչո՞վ է վատ, օրինակ, մադրիդյան փաստաթղթից… մադրիդյան փաստաթղթի առաջին կետում հստակ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվում է նրա բնակչության կամարտահայտության՝ պլեբեսցիտի միջոցով։ Ահա այստեղ է տեղի ունեցել փոփոխություն։ Այսինքն՝ հանրաքվեի հարցը, պլեբեսցիտի հարցը կամ կամարտահայտության հարցը, ինչ բառ ուզում եք օգտագործեք, մղվել է հետին պլան», ասել է վերլուծաբանը։

Ինչ՝ ինչ, բայց հայտնի փաստ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ոչ միայն բարդ է ասոցացնել «Համախմբման» հետ, այլեւ որքան գիտենք, նա աչքով աչք չունի այդ կուսակցության ղեկավարի՝ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ։ Հենց Օսկանյանի անունը լսում է, մարտի 1-ն է հիշեցնում։ Ահա Նիկոլ Փաշինյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսում է ազատագրված տարածքների անվերապահ վերադարձի եւ Ղարաբաղի անկախության բացառման մասին, հայկական կողմից հնչող հայտարարությունները՝ փոխզիջման վերաբերյալ, նման են կապիտուլյացիայի։

Իսկ երբ սա համադրում ենք 80-ականների զենքի եւ կործանիչ, տրանսպորտային ավիացիայի բացակայության հետ, այդ ամենը նմանվում է դավաճանության կուլմինացիայի։

Հայաստանի քաղաքական «էլիտան» ամեն ինչ անում է պետականություն ունենալու եւ պետականությունը պաշտպանելու հայ ժողովրդի կամքը կոտրելու համար։ Բայց մենք այս հայրենիքը որեւէ մեկին չենք զիջի, մենք ոչինչ չենք խնայի հանուն հայրենիքի»:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031