Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Հուլիս 14,2016 12:30

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ուրախ է տոնի առիթով ևս մեկ անգամ կրկնելու՝ Հայաստանը հպարտ է բարեկամ Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով: ՀՀ Նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում կարևորել ու բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատանքը և դիվանագիտական ներկայացուցչությանը մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Դեսպան Շարպանտիեն շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի, բարեմաղթանքների, ինչպես նաև դեսպանության գործունեությանը տված բարձր գնահատականի համար և նշել, որ իր ու դեսպանության բոլոր աշխատակիցների համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ամենօրյա աշխատանքով ավելի խորացնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարավոր բարեկամությունը, որը, դեսպանի համոզմամբ, մշտական հոգածություն է պահանջում:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:

«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Մեր երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահության մթնոլորտը կայուն հիմք են հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման և խորացման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների։

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական հետևողականությունը Հայոց ցեղասպանության ժխտումն օրենքի ուժով դատապարտելու հարցում, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Ֆրանսիայի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։

Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ համատեղ ներգրավվածությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն»,- ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031