Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Ալիեւը թող կրթվի իր ժողովդի սմբակների տակ» (Տեսանյութ)

Հուլիս 14,2016 12:22

«Մենք պետք է խոսենք մեր նպատակների մասին, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն է խոսում իր նպատակների մասին: Մենք չպիտի խոսենք այն մասին, ինչը պատրաստ ենք որպես փոխզիջում ներկայացնել: Խնդիրն այն է, որ մեր նպատակներ չափազանց իրատեսական են, իսկ Ադրբեջանինը`հակառակը: Սա է, որ ինձ հույս չի տալիս, որ բանակցությունների այս փուլում կհաջողվի համաձայնեցված փաստաթուղթ ունենալ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը`պատասխանելով վերջին շրջանում ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, Ադրբեջանից հնչող հայտարարությունների եւ Հայաստանում`տարածքների հնարավոր վերադարձի մասին հնչող տեսակետներին վերաբերվող լրագրողների տարատեսակ հարցերին:

«Ամբողջ ադրբեջանական ժողովրդին ընդամենը երեք օր առաջ Ալիեւը կերակրում էր սին հույսերով»,- ասաց Գագիկ Մինասյանը`նկատի ունենալով Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, որ ԼՂՀ հարցը փուլային տարբերակով պետք է կարգավորվի, ըստ որի Արցախը պետք է լինի Ադրբեջանի մաս, իսկ «գրավյալ» տարածքները պետք է վերադարձեն:

Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հայտարարություններին, իշխող կուսակցության ներկայացուցիչը համարում է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը: Այն է. «Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց իր ղեկավարության անկարողությունը՝ հետևելու իր իսկ կողմից ստորագրված համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, և ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով և Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, և հակամարտությունը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Ադրբեջանի՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի համար պատասխանատվության շրջանակներում»:

«Պարոն Ալիեւը պետք է համարձակություն ունենա եւ իր ժողովրդին պետք է ասի, որ փաթեթային տարբերակի առաջին փուլում Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂՀ-ի տարածքային ամբողջականությունը»,-ասաց Գագիկ Մինասյանը: Հարցին`իսկ հետո՞, պատասխանեց. «Ես կարծում եմ, պարոն Ալիեւը նման բան չի հայտարարի: Իսկ մինչ այդ, պարոն Ալիեւը թող կրթվի իր ժողովդի սմբակների տակ»:

Հարավային Կովկասում զարգացումները բանախոսը պայմանավորում է Իրան-ՌԴ հարաբերություններով, որոնք հիմա ընթանում են ՌԴ-Թուրքիա համաձայնության դաշտում`բավական բուռն զարգացումներից հետո: Դրանք, ի դեպ, շոշափում են ու բավական կարեւոր են ՌԴ-ի համար իր գազային եւ նավթային արտահանումների շահերի տեսանկյունից`թուրքական հոսքի գործարկման հեռանկարով: Գագիկ Մինասյանը չի բացառում, որ այդ բանակցություններում խոսք է գնացել նաեւ Ադրբեջանով Եվրոպա գնացող գազամուղերի մասին, որը ՌԴ-ի համար մեծ լծակ կդառնա:

Նա դժվարանում է պնդել կամ հերքել այն վերլուծաբաններին, որոնք պնդում են, որ ռուս-թուրքական ջերմացումն առանց ԼՂՀ հարցում պայմանավորվածությունների չէր լինի: Ասում է`եթե նման բան կա, ապա առաջիկայում մեզ հստակ ուղերձներ կգան: Ամեն դեպքում, նկատում է`ինչ առաջարկ էլ լինի, պետք է լինի «Կազանյան փաստաթղթի» տրամաբանության շրջանակներում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031