Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ընթացքում որեւէ մենաշնորհ չզիջեց իր դիրքերը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 14,2016 11:19

Ահա եւ անցավ երկու ամիս այն պատմական օրից, երբ ՀՀ վարչապետը աշխարհացունց ելույթ ունեցավ կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարի, պետական ծախսերի արդյունավետության բարձրացման մասին։

Անցել է երկու ամիս։ Ելույթից հետո մի քանի հանդիպում-քննարկումներ եղան ու շուտով դադարեցին։ Պետական ծախսերի արդյունավետությունը «բարձրացավ» պետական հիմնարկներում առկա մետաղի ջարդոնի կարգավիճակում գտնվող մի քանի տասնյակ ավտոմեքենաները հաշվեկշռից հանելով եւ պետական ծառայողներին տրամադրվող սոցփաթեթի էական կրճատմամբ։ Բայց այդ ընթացքում, օրինակ, վարչապետի լիմուզինի համար հատը 1000 դոլարանոց անվադողեր գնելու հայտ է ներկայացվել…։ Մենաշնորհների դեմ պայքարի ֆրոնտում գրանցվել է միայն մեկ «հաջողություն», ելույթից 18 օր անց հայաստանյան ամենամոնոպոլիզացված՝ բենզինի շուկայում արձանագրվեց գների աճ։ Բենզինը առանց որեւէ հիմնավորման թանկացավ 10 դրամով։ Նույն օրը, նույն ժամին, հայաստանյան բոլոր բենզալցակայաններում։

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մի քանի, քրգործ հարուցվեց հիմնականում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնյաների դեմ, բայց այդ նույն ընթացքում, եթե հետեւենք մամուլի հրապարակումներին, նույն ՊՆ-ն գոնե մեկ դեպքում, իր կարիքների համար գնումներ կատարելիս թանկ դեղ է գնել, երբ նրան առաջարկվել է նույն դեղի 4 անգամ ավելի էժան տարբերակը։

Այնպես չէ, որ վարչապետը միայն այս ելույթն է ունեցել։ Դրանից երեք շաբաթ անց հունիսի 2-ին կառավարության նիստի ժամանակ մի անգամ էլ թարմացրեց ոգեւորությունը, էլի խոսելով մենաշնորհների ու կոռուպցիայի մասին։ Ասաց, որ ներկրողները պետք է հավասար պայմաններ ունենան, խոսեց մաքսայինում կոռուպցիոն ռիսկերի մասին…։

Այս ընթացքում որեւէ մենաշնորհ չզիջեց իր դիրքերը, իսկ մաքսայինը ամբողջ թափով շարունակում է փոքր ու միջին ներկրողների ներմուծած ապրանքների վրա ամբողջ թափով կիրառել տխրահռչակ «հսկիչ գները», որոնք էականորեն թանկացնում են մաքսազերծումը եւ հնարավորություններ ստեղծում մաքսավորների ու տնտեսվարողների միջեւ մութ գործարքների։ Սա ոչ թե կոռուպցիոն ռիսկ է, այլ պարզ, «զուլալ», ընդգծված կոռուպցիա, որը տնտեսվարողներից ու պետությունից տարեկան «քաշում է» առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլար։ Դա նաեւ օլիգոպոլ ներկրողներին դարձնում է ավելի մրցունակ այլ տնտեսվարողների նկատմամբ։

Մի խոսքով, պետք էր ընդամենը երկու ամիս՝ համոզվելու համար, որ մենաշնորհներն ու կոռուպցիան անհաղթահարելի են գործող իշխանության համար։ Ու ամենեւին ոչ այն պատճառով, որ իշխանությունը թույլ է ու չի կարողանում պայքարել, այլ հենց այն պատճառով, որ մենաշնորհներն ու կոռուպցիան սերտաճած են իշխանության հետ, նույնականացված են։ Ու այդ պայմաններում իշխանությունը չի կարող պայքարել ինքն իր դեմ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031