Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալի մայրը դիմել է ՀՀ նախագահին

Հուլիս 14,2016 10:12

Ուսանող ամբաստանյալ Յուրի Հակոբյանի մոր՝
Նարինե Գեւորգյանի նամակն «Առավոտը» տպագրում է ամբողջությամբ

«Հարգելի՛ պարոն Նախագահ, Ձեզ գրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց, առաջին հերթին, հուսահատված մի մայր, ում 23-ամյա որդին արդեն տեւական ժամանակ անհիմն գտնվում է կալանքի տակ։
Որդիս՝ Յուրի Հակոբյանը, մեղադրվում է ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ։ Այդ սահմռկեցուցիչ դեպքը ցնցել է բոլորիս, եւ ես՝ թե՛ որպես ընտանիքի մայր եւ թե՛ որպես քաղաքացի, անկեղծ ցավում եմ դրա համար եւ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում սպանվածի ընտանիքին։

Պարո՛ն Նախագահ, թեեւ որդիս անազատության մեջ է գտնվում սույն թվականի հունիսի 16-ից՝ մինչ այժմ ես լռել եմ, հույս ունենալով, որ նախաքննությունը շատ շուտ կպարզի եղելությունը եւ բացարձակապես անհիմն կալանավորված երեխաս ազատ կարձակվի։ Լռում էի, հավատալով մեր երկրի արդարադատությանը, բայց այլեւս անզոր եմ եւ ապավինում եմ միմիայն Ձեր միջամտությանը։
Որդիս ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է զուտ այն պատճառով, որ սպանվածի մայրն օրենքի կոպիտ խախտումներով իրեն ճանաչման ներկայացված անձանցից որդուս նմանեցրել է (այն էլ կասկածելով) Եղիշե Խաչատրյանին ծեծի ենթարկած տղաներից մեկին։

Բայց մի՞թե միայն դա բավարար էր որդուս ազատությունից զրկելու համար. չէ՞ որ տարեց կինը, ում աչքի առջեւ դաժանաբար սպանվել է զավակը, պարզ եւ հասկանալի պատճառներով կարող էր լավ չհիշել եւ պարզապես շփոթել հանցագործների արտաքին տվյալները։

Ինչ-որ տեղ ընդունում եմ, որ նախաքննական մարմինն այդ հիմքով կարող էր որդուս ձերբակալել, բայց նախքան վերջինիս կալանքի ներկայացնելը նա պարտավոր էր ստուգել որդուս ցուցմունքներում նշված հանգամանքները, իսկ որդիս առաջին իսկ օրվանից հստակ հայտնել է, թե իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության կատարման ժամանակ որտեղ է գտնվել, ում հետ եւ ինչով է զբաղվել, այսինքն՝ ներկայացրել է իր այլուրեքությունը։

Չնայած դրան, ժամանակն անցնում է, իսկ նախաքննական մարմինը զարմանալի հետեւողականությամբ ոչ մի միջոց չի ձեռնարկում որդուս այլուրեքությունը ստուգելու, նրա մատնանշած անձանց հարցաքննելու ուղղությամբ եւ շարունակում է բացարձակապես անհիմն անմեղ անձին պահել կալանքի տակ, իսկ այդ հարցաքննություններն ուշացումով կատարելը կարող է հանգեցնել այն անցանկալի իրողությանը, որ դեպքից որոշ ժամանակ անց արդեն այդ անձինք հնարավոր է մոռանան եւ չկարողանան առավել հստակ վերհիշել եւ ճշգրիտ ներկայացնել դեպքի վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները, ինչն էլ կիմաստազրկի այդ հարցաքննությունների կատարումը։

Նախաքննական մարմնի նման մոտեցումը հաստատում է, որ վերջինս նույնպես համոզված է որդուս անմեղության մեջ, սակայն ձեռնպահ է մնում օրենքով վերապահված իր պարտականությունները կատարելուց, քանզի վստահ է, որ տղայիս այլուրեքությունը հաստատվելու է եւ այդ դեպքում ստիպված է լինելու նրան անհապաղ ազատ արձակել։ Նախաքննական մարմնի դրսեւորած անգործությունը հիմք է տալիս ենթադրելու, որ այն պայմանավորված է զուտ հանրային մեծ հնչեղություն ստացած քրեական գործի բացահայտման պատրանք ստեղծելու եւ հանցագործություն կատարած անձանց, այսպես կոչված՝ «գլխաքանակն» ապահովելու նպատակով որդուս, թեկուզեւ անհիմն, բայց տեւական ժամանակ կալանքի տակ պահելու ցանկությամբ։

Նախաքննական մարմնի անգործությունից դրդված էլ դիմում եմ Ձեզ, քանզի Դուք իմ միակ հույսն եք, այս պարագայում միայն Ձեր արդար միջամտությունը կարող է փոխել գործի ընթացքը եւ ջրի երես հանել ճշմարտությունը։ Իմ միակ նպատակն այն է, որ իմ անմեղ որդին պարզապես հանգամանքների բերումով անհիմն կերպով տեւական ժամանակ անազատության մեջ չպահվի, բայց, ցավոք, գործի ներկայիս ընթացքը տանում է դրան եւ կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների։
Որդիս՝ Յուրին, օրինապաշտ քաղաքացի է, վայելում է շրջապատի սերն ու հարգանքը, պատվով ծառայել է ազգային բանակում, ներկայումս սովորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրարային էկոնոմիկայի եւ կառավարման ֆակուլտետի 5-րդ կուրսում, պատրաստվում էր առաջիկա ամսում ամուսնանալ, ընտանիք կազմել, եւ մտավախությունս այն է, որ որդուս անհիմն կալանքի տակ ավել պահելու մեկ օրն էլ կարող է ճակատագրական դեր ունենալ նրա ապագան խեղելու առումով, իսկ ես մայր եմ եւ չեմ կարող ձեռքերս ծալած նստել ու պարզապես սպասել, թե նախաքննական մարմինը երբ կբարեհաճի կատարել իր պարտականությունները։

Խնդրում եմ Ձեզ որդուս վերաբերյալ քրեական գործը վերցնել Ձեր անմիջական հսկողության տակ եւ ապահովել արդար եւ օբյեկտիվ քննության կատարումը»։

 

«Առավոտ»

14.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. nona says:

    ինչ մեղքս թաքցնեմ, չեմ զարմանա, որ անփող մի անտերի վրա ջարդեն:

  2. մոսո says:

    // որդիս առաջին իսկ օրվանից հստակ հայտնել է, թե իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործության կատարման ժամանակ որտեղ է գտնվել, ում հետ եւ ինչով է զբաղվել, այսինքն՝ ներկայացրել է իր այլուրեքությունը։//
    Շատ զարմանալի է, եթե իրոք այդպես է: Այս դեպքում ինչ հիմքով են քննիչները իր որդուն ենթարկել ճանաչման, որպես կասկածյալի? Բայց ինչ զարմանաս, երկար – շատ երկար կձգեն այս պարզից պարզ գործը, վերջում էլ ստիպված կլինենք կասկածել թե այլմոլորակայիններ են եղել ոճրագործները:

  3. nona says:

    Ինչը չհավանեցիք, որ մեր երկրում «Տերովին տերնա տարել, իսկ անտերին գելը»? ???????????

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031