Լրահոս
Օրվա լրահոսը

Հավի եւ ձվի պատմությունը

Հուլիս 14,2016 10:00

Ժամանակակից Սինգապուրի հիմնադիր Լի Քուան Յուն գտնում էր, որ իսկական ժողովրդավարության համար պետք է, որ բնակչության գոնե կեսը ստանա ամիսը 5000 դոլար եւ լավ կրթված լինի։ Ենթադրենք։ Իսկ ի՞նչ է պետք, որ բնակչությունը լինի այդքան կրթված եւ բարեկեցիկ։ Ենթադրում եմ, որ… ժողովրդավարություն։ Եթե ոչ, ապա ո՞րն է դրա այլընտանքը: Որ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գան մարդիկ, որոնք ներքուստ այնքան ազնիվ, անշահախնդիր եւ հայրենասեր կլինեն, որ չեն մտածի իրենց, իրենց ընտանիքների եւ շրջապատի հարստացման մասին, հավասար պայմաններ կստեղծեն բոլոր գործարարների համար, եւ այդ` հրաշքով հայտնված անզուգական մարդկանց բարեմասնությունների շնորհիվ երկիրն այնքան կբարգավաճի, որ քաղաքացիների կեսը կստանա 5000 դոլարից ավելի ամսական աշխատավարձ ու կզբաղվի ինքնակրթությամբ:

Չգիտեմ, գուցե աշխարհում նման դեպքեր եղել են, բայց Հայաստանում դա բացառված է: Ստացվում է, որ մեր երկրում բարեկեցիկ կյանքի համար պետք է ժողովրդավարություն, բայց, ըստ Սինգապուրի նախկին վարչապետի, ժողովրդավարությունը հնարավոր է միայն բարեկեցիկ երկրում:
Հավի ու ձվի այդ «անհաղթահարելի դիալեկտիկայից» դուրս գալու ելքը, հավանաբար, աստիճանական անցումն է, որտեղ խթանն, այնուամենայնիվ, քաղաքական փոփոխությունները պետք է լինեն: Եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն «կայուն մեծամասնություն» չստանա, ապա դժվար թե դա բերի ժողովրդավարության եւ առավել եւս՝ 5000 դոլարանոց աշխատավարձի, բայց շատ հավանական է` դա դրական ազդանշան կլինի. մարդիկ կհասկանան, որ քաղաքական մենաշնորհը հավերժ չէ՝ հետեւաբար կարող են վերանալ նաեւ տնտեսական մենաշնորհները։ Դա քայլ կլինի դեպի տնտեսական ազատությունը։ Խոսքը հենց ընտրությունների մասին է: Պալատական հեղաշրջումը ոչինչ չի տալիս՝ այդ պարագայում ցանկացած այլ կուսակցություն կլինի «ՀՀԿ»։ Հաշվի առնելով «ղարաբաղյան» զարգացումները՝ հնարավոր տարբերակ է, բայց դա մենք արդեն անցել ենք։

Այն մոլորությունը, թե իբր առանց ժողովրդավարության հնարավոր է 5000 դոլարանոց աշխատավարձ, Հայաստանում ձեւավորում է սխալ սպասելիքներ. հեսա կգա բարի թագավորը եւ կսկսի բարձր աշխատավարձ բաժանել։ Ամբողջ խնդիրն այն է, որ ա/ համապատասխան մեխանիզմների դեպքում իշխանավորների անձնական հատկանիշներն ինքնին բարեկեցություն չեն ապահովում, բ/ 5000 դոլարանոց աշխատավարձը եւ մանավանդ կրթական բարձր ցենզը ոչ ոք ոչ մեկին, միեւնույն է, չի «նվիրաբերելու»` դրանք պետք է վաստակել ամենօրյա տքնաջան աշխատանքով։
Ամեն ինչ «վաստակելու վրա է», ամեն ինչ տրվում է դժվարություններով` «լավ» իշխանությունը, ժողովորդավարությունը, բարեկեցությունը, կրթությունը, նույնիսկ` անձնական երջանկությունը: Ի՞նչ իմաստ ունի նստել եւ բողոքել, թե ինչու դրանք չկան:

…Գուցե Լի Քուան Յուն Սինգապուրի համար ճիշտ էր, իսկ Հայաստանի պարագայում` ոչ:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նորիկ says:

    Իհարկե,նստել և բողոքել իմաստ չունի։Իսկ այ, դուրս գալ փողոց և բողոքել իմաստ ունի։Թէ չէ սենց,հարմարվելով,ինչ որ ժամանակ հետո,անգամ 500 դոլարանոց աշխատավարձը կհամարվի երազանք։

  2. gib.gibindus says:

    Դուք կարծում եք դա է՞ հիմնականը Լի Քուան Յուի ասածների և իրագործածների մեջ: Նույն հավանականությամբ կարելի գրել, քանի որ նա 31 տարի եղել է ընտրովի պրեմիեր, ուրեմն թող ՀՀԿ-ն այդքան գահակալի, որ Հայաստանում լավ լինի: Կամ, քանի որ Լին առանց դատ ու դատաստանի նստեցնում էր քաղաքական ընդիմադիրներին, ապա… (շարունակությունը թողնում եմ ձեզ): Նա ծեծին էլ էր կողմ`հետո ի՞նչ: Ու 1000 հատ հոդված կարելի է գրել իբր ժողովրդավարության, իբր էկոնոմիկայի, իբր մարդկային մտքի բարդ ելևէջների մասին: Եղել ե՞ք Սինգապուրում: Մտավորականությունը վատ է արտահայտվում ծերուկի մասին`իբր մարդու իրավունքները խախտվել են երկրում: Հայաստանին ուրիշ երկրների օրնակներ են սազում, որտեղ էլիտան “տեխնիկում”-ի տղեքն են: Թե չէ Քեմբրիջ ավարտած Լիին օրինակ եք վերցնում: Քանի՞ ձայն կահավաքի նման կրթությամբ մարդը Հայաստանում: Առանց խանգարելու, հանգիստ պայմաններում: 2 տոկոս, էն էլ ստատիստիկական սխալի չափն է:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      «թող ՀՀԿ-ն այդքան գահակալի, որ Հայաստանում լավ լինի»: Իմ գրածի ճիշտ հակառակն է, սիրելի Սասուն: Ես գրել եմ. «Եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն «կայուն մեծամասնություն» չստանա, … դա դրական ազդանշան կլինի. մարդիկ կհասկանան, որ քաղաքական մենաշնորհը հավերժ չէ՝ հետեւաբար կարող են վերանալ նաեւ տնտեսական մենաշնորհները»

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/07/14/714783/

      © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

      • gib.gibindus says:

        Ինչքան հասկանում եմ առանց դատ ու դատաստանի նստեցնելուն էլ դեմ չեք՝միանգամից “պատռում եք” դիմակները:

  3. Peto says:

    Ժողովրդավարությունը մարդկանց ապրելու հետ էդքան կապ չունի։
    Մարդիկ կան Հայաստանում ամբողջ օրը բեսեդկում/կամ ֆեյզբուկյան բեսեդկեքում/ բողոքում են գործ չկա բայց որ գործել լինումա պոզուփոչ են կպցնում։
    Բա ինձ պալոժա ավազի մեշոկ հանեմ կամ շինաղբ թափեմ կամ ինձ սազումա կնիկս գնա աշխատի, թող նստի տունը երեխեքին պահի։

    Էտ նույն մարդիկ որ գնում են դեմոկրատական երկիր տո կնանիքին չէ իրանց 10տարեկան երեպեքինել ուղարկում աշխատելու։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031