Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ը ուզեցին Օսկանյանի վրա կարել, Օսկանյանը բանա՞կ է տեղաշարժել»

Հուլիս 14,2016 15:30

Ստեփան Մարգարյանը վստահեցնում է՝
Օսկանյանը չէր կարող տեղյակ լինել, որ կրակելու են

Օրերս հրավիրած ասուլիսում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, պատասխանեելով ԲՀԿ-ի բաժանած ընտրակաշառքի՝ տրակտորների, ցորենի, կարտոֆիլի մասին հարցին, ասաց. «Գիտեք, երբ երկրում կան այնպիսի խաղի կանոններ, որ համարվում է, որ տրակտորը, գարին ու ցորենն էլ են գործոն, հետագայում դու կռվից հետո բռունցքներ ես թափահարում կամ փորձում ես անել ինչ-որ բան, որ գոնե նվազագույն չափով հաղթահարես դիմացինի արածները»:

«Առավոտը» Ստեփան Մարգարյանին հարցրեց՝ այդ խաղի կանոնները փոխվե՞լ են, նույն կանոնները չե՞ն գործելու առաջիկա ընտրություններում, նա պատասխանեց. «Իհարկե, չեն փոխվել, մենք ուզում ենք փոխել կանոնները, մենք տեսնում ենք ճանապարհ՝ դա փոխելու, անկեղծ ասած: Մենք կանենք՝ կտեսնեք»:

Մեր հարցին՝ Դուք ասել եք, որ չեք գալիս հերթական ուժը լինելու, առաջնային տեղերն եք զբաղեցնելու եւ այլն, բայց մյուս կողմից՝ արդեն ձեր կողքին չկա այն օլիգարխը, որը բաժանում էր տրակտորները, փողը, հիմա բա ո՞նց եք առաջնային լինելու, եթե խաղի կանոններն էլ չեն փոխվել, նա պատասխանեց. «Մենք ուզում ենք երկիրը հասցնել այն վիճակին, որ ոչ տրակտորը որոշի, ոչ վարչական ռեսուրսը: Ես վստահ եմ, որ իշխանություններն ուզելու են դա անել: Մենք աշխատելու ենք, որ դա չլինի: Ռեյտինգային քվեարկություն կոչվածն ուղղված է դրան, մենք ուզում ենք հնարավորինս չեզոքացնել այն, ինչ դրված է համակարգում»:

Ստեփան Մարգարյանն ասել էր, որ «Համախմբումը» ժողովրդական շարժում է լինելու: Մեր հարցին՝ շարժումը ենթադրում է, որ հետեւից պետք է ժողովրդական լայն զանգվածներ գնան, ինչի՞ համար պիտի մարդիկ գնան «Համախմբման» հետեւից, ո՞րն է այդ քաշող օղակը, որը պիտի տանի՝ հաշվի առնելով, որ Վարդան Օսկանյանը եղել է իշխանության մաս, եւ նրա ժամանակ մենք ունեցել ենք «Մարտի 1»-ի սեւի բիծը, այդ առումով պախարակված կարելի է համարել, Ստեփան Մարգարյանը հակադարձեց. «Այսինքն՝ այսօրվա իշխանության վրա Մարտի 1-ի բիծ չկա, Օսկանյանի վրա՞ կա: Գիտեք, էդ նույնն է, որ… այդ իշխանության ժամանակ բազմաթիվ մարդիկ են եղել, որ աշխատել են համակարգում, նրանց վրա՞ էլ է բիծը տարածվում»:

Մեր դիտարկմանը՝ Վարդան Օսկանյանը եղել է բարձրաստիճան պաշտոնյա եւ արդարացրել է Մարտի 1-ը, ասում էր՝ նախագահը ստիպված է արտակարգ դրություն հայտարարել, քայլեր ձեռնարկել, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Մեր հայտարարելուց հետո, որ կուսակցություն ենք ստեղծում, մի կենտրոնից ուղղորդված իշխանությունները Մարտի 1-ի բան գցեցին, որն Օսկանյանի վրա ուզեցին կարել, իհարկե, դա ծիծաղելի է»:

Մեր դիտարկմանը, որ Մարտի 1-ը Օսկանյանի վրա հենց կարված է, էլ ի՞նչը պիտի նոր կարեին, Ստեփան Մարգարյանը չհամաձայնեց. «Օսկանյանը բանա՞կ է տեղաշարժել, Օսկանյանը ոստիկանության ուժե՞ր է տեղաշարժել: Օսկանյանի ելույթը եղել է մինչեւ գիշերային կրակոցները, մինչեւ զոհերը: Օսկանյանը չէր կարող տեղյակ լինել, որ կրակելու են, բան են անելու: Աբսուրդ է դա Օսկանյանի վրա կարելը: Օսկանյանը մի բան է խոսել, ասել է՝ գիտեք ինչ, առավոտյան դեպքերն էին եղել, Օսկանյանն ասում է՝ եկեք երկխոսության գնանք, եկեք հասկանանք, լսենք, որովհետեւ կարող է ավելի վատ բաներ կատարվեն: Դա չի նշանակում, որ ինքը ասում է՝ ես գիտեմ, որ վատ բաներ են կատարվելու: Կարող էին կատարվել: Եվ ինքը ճիշտ դուրս եկավ: Որեւէ մեկը չխոսեց այդ իրավիճակում, խոսեց Օսկանյանը, վերցրեց պատասխանատվությունը իր վրա: Ինքը որեւէ մեկին չարդարացրեց: Այ, եթե ինքը խոսած լիներ կրակոցներից հետո, ես կասեի՝ դուք ճիշտ եք»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ պաշտոնաթող չեղավ, եթե համաձայն չէր, նա համակարգի մաս է եղել ու այսօր թոթափել այդ ամենը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Այդ դեպքերի համար, անշուշտ, ամբողջ իշխանությունը, կառավարությունը մեղավոր է: Դա՝ անշուշտ: Եվ միակ մեղավորն է, եթե չասենք՝ միակ, ապա մեղքի մեծ մասն իրենն է: Օսկանյանը եղել է կառավարության անդամ, ինքը մեղավոր է այդքանով: Ինքը իր մեղքի բաժինն ունի՝ որպես կառավարության անդամ: Եթե ինքը որեւէ լծակ ունենար… Եթե այսօր ինչ-որ սուր իրավիճակ լինի, Էդվարդ Նալբանդյա՞նն է զորքերը տեղափոխելու եւ հրաման տալու՝ կրակել: Պատկերացնո՞ւմ եք, արտգործնախարարն ի՞նչ պիտի աներ»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

 

«Առավոտ»

13.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031