Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը դատարկաձեռն չի գնալու Բաքու. զինել, զինել մինչեւ վերջ

Հուլիս 14,2016 15:00

«Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական կարեւոր գործընկերն է»

Հուլիսի 11-12-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Բաքվում էր: Նրա այցի օրակարգում Ադրբեջանի հետ երկկողմ համագործակցությունն ու Ղարաբաղյան կարգավորումն էր:
Լավրովի այցին ընդառաջ՝ ՌԴ-ի ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվեց. «Ադրբեջանը մեր ռազմավարական կարեւոր գործընկերն է տարածաշրջանում, հարաբերությունները Ադրբեջանի հետ կառուցվում են հավասարության եւ միմյանց հետաքրքրությունները հարգելու հիման վրա»:

Մինչ Լավրովի այցի մեկնարկը՝ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինն ընդգծեց` Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը շարունակվելու է, շարունակվելու է նաեւ զենքի մատակարարումը կնքված պայմանագրի շրջանակներում: Նա հիշեցրեց, որ Պուտինն ամեն տարի այցելում է Ադրբեջան, եւ այս տարի նախատեսված այցի ընթացքում, հավանաբար, կկնքվեն զենքի վաճառքին վերաբերող նոր պայմանագրեր: Սեպտեմբերին Բաքվում կայանալու է 5-րդ Միջազգային հումանիտար ֆորումը, որն անցկացվում է ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների հովանու ներքո:
Բաքվում ՌԴ դեսպանը հարկ էր համարել փաստել, թե ռուսական կողմը ճնշում չի գործադրում հակամարտող կողմերի նկատմամբ, այլ փնտրում են այնպիսի բանաձեւ, որը հավասարապես կբավարարի երկու կողմերին: Դորոխինը հավելել է, թե խաղաղապահների տեղակայման հարցը չի քննարկվել: «Պետք է այնպիսի փոխզիջում գտնել, որը կողմերին թույլ կտա վստահել միմյանց: Պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վատագույն սցենարն է Ռուսաստանի համար: Այսօր մեր բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ խորը արմատներ ունեն: Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք, Ռուսաստանը լուրջ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին»,- հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը:

Ռուս դեսպանն ընդգծել է, որ Պուտինը դատարկաձեռն չի գնալու Բաքու, իսկ Ադրբեջանի վերնախավը լրջորեն է նախապատրաստվում Պուտինի հետ հանդիպմանը:

Այսպիսով, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանին Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկով զենք ձեռք բերելու համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու հարցը ոչ մի կերպ լուծում չի ստանում, Բաքվում ՌԴ դեսպանը խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմից՝ փաստում է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվեն սպառազինության մատակարարման նոր պայմանագրեր, ընդ որում՝ հավելելով, թե ՌԴ-ի համար ԼՂ հակամարտության կոնտեքստում վատագույն սցենարն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմն է:

Լավրովը Բաքվում չբացահայտեց Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպման մանրամասները

Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերը հիմնախնդրում հաջողությանը շատ ավելի մոտ են, քան երբեւէ, սակայն մանրամասները բացահայտել դեռեւս վաղ է՝ Բաքվում Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` հավելելով. «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք շատ ավելի ենք մոտենում հաջողության հեռանկարին, քան մինչ այս եղել է»:

Նա չի ցանկացել բացահայտել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները: «Հասկանալի պատճառներով մենք հրապարակայնորեն չենք քննարկում այն գաղափարները, որոնք քննարկվում են հանդիպման շրջանակում: Երեք երկրների ղեկավարները հունիսի 20-ին հատուկ պայմանավորվել են, որ զգուշորեն ենք վերաբերվելու հույսի այն ծիլերին, որոնք հայտնվել են: Ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան ենք թաքցնում, այլ պարզապես սա բանակցությունների ժամանակ էթիկայի նորմ է»,- նկատել է Լավրովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ անկեղծ, մանրամասն եւ վստահելի երկխոսություն ենք ունեցել՝ վստահեցրել է Լավրովը՝ նշելով, թե հստակեցրել են հետագա քայլերը, որոնք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարող են հանգեցնել առաջընթացի: «Գնահատում ենք ձեր վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ռուսական նախաձեռնությունների հանդեպ: Գործընթացն իսկապես առաջ է գնում, եւ նախագահ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից, նրա հանձնարարականով ես այցելում եմ երկու երկրների մայրաքաղաքներ»,- նշել է Լավրովը:

Նկատենք, որ Լավրովի այցին ընդառաջ՝ Ալիեւը խոսում է Հայաստանի նկատմամբ «լուրջ ճնշում գործադրելու» անհրաժեշտության մասին: Վարշավայից վերադարձած Ալիեւը հանդիպել է երկրի կառավարության անդամներին եւ անդրադառնալով ԼՂ խնդրին՝ նշել, թե հակամարտությունն առաջիկայում պետք է կարգավորվի, եւ ստատուս քվոն պետք է փոխվի: Նրա խոսքով՝ կարգավորման միակ տարբերակը փուլայինն է, եւ դրան հասնելու համար անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ համանախագահ երկրները «լուրջ ճնշում գործադրեն Հայաստանի վրա»:

Ավելին՝ Ալիեւը սպառնացել է, թե հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել մոտ ապագայում, այլապես «ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սադրանքները չեն կրկնվի, որովհետեւ Հայաստանի մտադրությունը հակամարտությունը սառը վիճակում պահելն է»։ Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Լավրովի հետ ասուլիսում փաստել է, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված երկխոսություններն ընթանում են շատ աշխույժ. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ ջանքեր են գործադրում հակամարտության կարգավորման համար։ Գիտակցում կա, որ անհրաժեշտ է փուլ առ փուլ, քայլ առ քայլ ազատել սեղանը չլուծված հարցերից եւ խնդիրներից»։

Ռուս-թուրքական մերձեցումն ու հայ-թուրքական սահմանը

Լավրովի այցը Բաքվում նշանավորվեց նաեւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական հայտարարություններով: ՌԴ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ռուս-թուրքական մերձեցումը եւ վերջին շրջանում դրական միտումներ ստացած ռուս-թուրքական հարաբերությունները։ Ըստ Մամեդյարովի` «Մենք միայն ուրախ ենք դրան եւ ողջունում ենք գործընթացը։ Ինչքան շատ լինի կանխատեսելիությունը, այդքան օգուտ է Ադրբեջանին»։ Իսկ Լավրովը նույն թեմայի շրջանակներում նշել է. «Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի համար»։

Նկատենք, որ Լավրովի այցը Բաքու ավելի վաղ էր սպասվում` հուլիսի 5-ին: Լավրովը, որը Երեւանում մասնակցում էր ՀԱՊԿ արտաքին գերատեսչությունների ղեկավարների հավաքին, պետք է Երեւանից մեկներ Բաքու, սակայն նրա այցը հետաձգվեց: Ադրբեջանական մամուլն այս առիթով գրել էր, թե իբր Լավրովը Երեւանում չի կարողացել ստանալ այն, ինչն անհրաժեշտ էր Բաքու մեկնելու համար: Սակայն պաշտոնական Երեւանը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի մակարդակով նշեց, որ Երեւանում Լավրովը Ղարաբաղյան խնդիրը չի քննարկել:
Մինչդեռ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՌԴ ԱԳ նախարարը Երեւան էր բերել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման տարբերակ, որը նախատեսում է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում: Երեւանից Լավրովի մեկնելուց հետո ռուսաստանյան «Իզվեստիան» հայտնեց, թե Հայաստանի մայրաքաղաքում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը ոչ պաշտոնապես քննարկել է ղարաբաղյան հարցը, եւ, ինչպես պարբերականին փոխանցել էին «դիվանագիտական աղբյուրները», Կրեմլի միջնորդությամբ ընթացող Ղարաբաղյան կարգավորումը ակտիվ կերպով է առաջ շարժվում:

Ըստ «Իզվեստիայի»՝ ռուսական ծրագիրը նաեւ նախատեսում է հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմանների ապաշրջափակում, եւ որ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Ղարաբաղյան կարգավորման վրա: «Իզվեստիայի» աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Պուտինին հղած նամակից հետո, որում նա ներողություն էր խնդրում ռուսական «Սու-24» խոցված ռմբակոծիչի համար, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության հանգուցալուծման վրա:

Սեպտեմբերին ակնկալվող Պուտինի այցը Բաքու կարող է որոշակի ազդեցություն ունենալ թե՛ Ղարաբաղյան կարգավորման, թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա: ԼՂ խնդիրն ու հայ-թուրքական սահմանի բացման հարցը մեկ փաթեթում դիտարկելն Անկարայի ու Բաքվի երազանքն է: Մոսկվան էլ, որը ժամանակին «ֆուտբոլային դիվանագիտության» կնքահայրերից էր, հավանաբար, դեմ չէր լինի այս փուլում եւս մի նոր ծրագիր առաջ քաշել: Ռուսական մամուլում նման «պրոյեկտի» մասին տեղեկությունները կրկին շրջանառության մեջ գցելն, իհարկե, դեռ ոչինչ չի նշանակում, սակայն ռուսական քարոզչության` տրամադրություններ ստուգելու մտադրությունը բավարար է՝ կարծելու, որ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա հնարավոր պայմանավորվածություններն ապագայում կարող են ավելի հեռուն գնալ:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 13.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031