Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի նախկին պետը հաղթեց գլխավոր դատախազությանը «Առավոտում» տպագրված հաղորդման հիման վրա

Հուլիս 14,2016 14:30

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով»: Բայց, արդյոք, այդպե՞ս է, ինչպիսի՞ խոչընդոտներ կարող են ծագել նման դեպքերում: Մենք գնացինք մեր իսկ լրատվամիջոցում տպագրված հանցագործության մասին հաղորդման հետքերով: Այս տարվա հունիսի 9-ին դատական դեպարտամենտի նախկին պետը՝ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Միսակ Մարտիրոսյանը «Առավոտում» հանդես եկավ հանցագործության մասին հաղորդմամբ: Ըստ նրա, հաղորդման մեջ առկա էին երկու էականորեն տարբերվող այնպիսի փաստեր, որոնք հանցագործության հատկանիշներ էին պարունակում: Սակայն ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ Էդգար Արամյանի գրությամբ մերժվել էր քրեական գործ հարուցել: Ավելին՝ լրատվամիջոցում տպագրված «հաղորդումը» դիտվել էր «դիմում»:

ՀՀ գլխավոր դատախազության վարչության դատախազ Է. Արամյանի հունիսի 21-ի թիվ 12/12/4269-16 գրության դեմ էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բողոք էր բերել կալանավոր Միսակ Մարտիրոսյանը: Նախորդ օրվա աշխատանքային օրվա վերջում լսվեցին կողմերի փաստարկները եւ դատավոր Մեսրոպ Մակյանը կայացրեց մի որոշում, համաձայն որի՝ պարտավորեցվեց գլխավոր դատախազությանը վերացնել կալանավորի իրավունքների խախտումը:

Ի՞նչ պարզվեց բողոքի քննության ժամանակ

Միսակ Մարտիրոսյանն ասաց, թե գլխավոր դատախազության անանուն վարչությունից ստացել է գրություն, որով հայտնվել է. «ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ դիմումը կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող՝ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որեւէ փաստական տվյալ չի պարունակում, որն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով»: Մ. Մարտիրոսյանը դատարանին ցույց տվեց հունիսի 21-ի գրությունը, որը հետագայում ջնջվել է, դարձել հունիսի 22-ի թվագրությամբ: Գրության հակառակ կողմից երեւում էր 21 թիվը, իսկ մյուս երեսին՝ 22-ը: Դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին դատախազ Է. Արամյանը պատասխանեց՝ «տեխնիկական խնդիր» է:

datavormakyan 5-1

Իրավաբան կալանավորն ասաց. «Կատարված հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազին դիմել եմ հունիսի 9-ին՝ «Առավոտ» օրաթերթի միջոցով: ՀՀ գլխավոր դատախազության պատասխանը ստորագրված է 22.06.16թ., սակայն փոխվել է 21.06.16թ.: Այնուամենայնիվ, եթե անգամ հիմք ընդունենք ջնջումով նշված ամսաթիվը՝ 21.06.16թ., ապա ստացվում է, որ իմ հաղորդման ընթացքը լուծվել է 12 օրվա ընթացքում: Այն պարագայում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածը հաղորդումների լուծման համար սահմանում է առավելագույնը 10-օրյա ժամկետ: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 174 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժամկետն անցնելուց հետո կատարված դատավարական գործողություններն անվավեր են: Այսինքն, ՀՀ գլխավոր դատախազության 21.06.16թ. գրությունն անվավեր է, հետեւաբար, պետք է նյութեր նախապատրաստվի»:

Ըստ բողոքաբեր Մ. Մարտիրոսյանի, գլխավոր դատախազության տրված պատասխանի բովանդակությունից ակնհայտ է, որ ոչ մի դատավարական գործողություն չի կատարվել, հետեւաբար անհասկանալի է մնում այն փաստը, որ հաղորդման ընթացքն անհապաղ լուծելու փոխարեն՝ լուծվել է օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ:

Ի դեպ, նույն այս դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այս տարվա ապրիլին որոշում էր կայացրել. դատարանը բավարարել էր դատական դեպարտամենտի նախկին պետի խնդրանքը, այն է՝ պարտավորեցնել ՀՀ գլխավոր դատախազությանը նյութեր նախապատրաստել Մ. Մարտիրոսյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա: Մ. Մարտիրոսյանը նշեց. «Սակայն ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը դուրս գալով իմ բողոքի եւ դատարանի որոշման սահմաններից, դրսեւորելով կամայականություն, դիտավորությամբ չկատարելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, կատարել է քրեորեն հետապնդելի արարք, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 353 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար»: Մ. Մարտիրոսյանն ասաց, թե դատարանի նման որոշման առկայության պարագայում նրանք պարտավոր էին հարցը քննարկել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածի դրույթների շրջանակում, հակառակ պարագայում, եթե դատախազությունը չի ցանկանում նյութեր նախապատրաստել, ապա դատարանի ցանկացած որոշման առկայության պարագայում կարող է նշել մի նոր մտացածին հանգամանք, օրինակ՝ չի հիմնավորվել հանցագործությամբ դիմողին վնաս պատճառելու կապը, կամ պատասխանը չի բողոքարկվել դատախազին եւ այլն, որպիսին նախատեսված չէ օրենսգրքով, ու գրությամբ ընթացք չտա դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմանը:

Կալանավոր պաշտոնյայի գնահատմամբ, նման հանրորեն վտանգավոր արարքների պատճառով իրեն հնարավորություն չի տրվում ապացուցելու իրեն առաջադրված մեղադրանքների կեղծ եւ շինծու լինելու փաստերը:
Մ. Մարտիրոսյանը նշեց, որ իր ներկայացված հաղորդման մեջ առկա է «առերեւույթ հանցագործության հատկանիշներ», եւ դատախազը պարտավոր էր կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման պահանջը ու մեղավոր պաշտոնատար անձանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու նպատակով հաղորդման մեջ տեղ գտած տվյալները ենթարկել պատշաճ, անաչառ եւ արդյունավետ քննության, որը հնարավոր էր կատարել միայն համապատասխան դատավարական գործողություններ կատարելու դեպքում:

«Դատախազը առնվազն
ներողություն պետք է խնդրի»

Գլխավոր դատախազությունը պատասխանելով արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավոր Միսակ Մարտիրոսյանին, գրության վրա նշել էր՝ «դատապարտյալ Միսակ Մարտիրոսյանին»: Մ. Մարտիրոսյանն այս կապակցությամբ ասաց. «Ես դեռեւս դատապարտյալ չեմ: Չի կարելի ցանկությունը զետեղել պաշտոնական փաստաթղթի մեջ: Սա անթույլատրելի է եւ դատախազն առնվազն ներողություն պետք է խնդրի»: Այս «բացթողումն» էլ դատախազը համարեց «տեխնիկական», ինչի կապակցությամբ դատավորը նկատեց՝ «ինչ-որ շատ չե՞ն նման տեխնիկական բացթողումները մի գրության մեջ»:

Մ. Մարտիրոսյանը հարցրեց նիստին ներկա դատախազին, թե պաշտոնական գրության մեջ նշված վարչությունն անուն ունի՞, պարզվեց ունի՝ ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով վարչություն: «Հիմա մի տեղ նշվում է, մի տեղ՝ ոչ»,- արդարացավ դատախազ Է. Արամյանը:
Դատախազն իր համառոտ խոսքում ասաց, թե պետք է մերժել բողոքը, եւ փորձ արեց մոլորեցնել դատարանին, նշելով, թե նույն հարցը քննվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կա դատական ակտ:

Դատավոր Մ. Մակյանը հարցրեց՝ «Ձե՞ր գրության վերաբերյալ հարցով է»:
Դատախազը պատասխանեց՝ ոչ, իր վերաբերյալ առաջին անգամ է: Նա նկատի ուներ մեկ այլ դատախազի՝ Շահբազյանին, որը պարտվել էր նույն այս դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացած բողոքի քննության ժամանակ:

Դատարանը որոշեց բավարարել բողոքը՝ ՀՀ գլխավոր դատախազությանը պարտավորեցնել վերացնել դիմող Մ. Մարտիրոսյանի իրավունքի խախտումը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարները՝ հեղինակի

«Առավոտ»

13.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031